Մակունց. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան ուժգին (տեսանյութ)

Կարևոր 01.06.2020   13:00   482

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ցանկացած պահի ավելի քան համարժեք և ուժգին պատասխան է ստանալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ հունիսի 1-ի նիստում իր ելությում:

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ պաշտպանության նախարարն ըստ էության խոստովանել է, որ 2016-ի ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցության պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա նկատեց՝ այդուհանդերձ, կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի և ուժի սպառանալիքի բացառման սկզբունքը:

«Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, այս օրերին COVID-19 համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, քանի որ անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, ուժգին պատասխան արձագանք է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,-ասաց Մակունցը:

Ավելին՝ տեսանյութում

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լիլիթ Մակունց, Հայաստան, ադրբեջան, ԵԱՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon