Մամեդյարով. «Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմքում եղել և մնում է փուլային տարբերակը»

Արցախ 29.04.2020   20:00   687

Չնայած հայկական կողմի հերքումներին` պաշտոնական Բաքուն երեկ կրկին պնդել է, թե ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների հիմքում եղել և մնում է կարգավորման փուլային տարբերակը, գրում է «Ազատությունը»:

«Բանակցություններն ընթանում են գաղտնի, մանրամասները չեն հրապարակվում, սակայն դրանց ընդհանուր շրջանակը մինչ օրս մեկ անգամ չէ, որ ուրվագծվել է համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների առաջնորդների հայտարարություններում», - երեկ ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով` բոլոր այդ հայտարարությունների հիմքում փուլային կարգավորումն է, որը պետք է սկսի Ղարաբաղը շրջապատող տարածքների ազատագրումից, ապա պետք է ադրբեջանցիները վերադառնան հայրենի բնակավայրեր, բացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության միջոցները, ստեղծվեն պայմաններ երկու համայնքների համակեցության համար: Այս շարքում Մամեդյարովը նշել է նաև Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցը, միայն թե պնդել է, թե դա պետք է տեղի ունենա որոշ ժամանակ անց և լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Կարգավորման սկզբունքների մասին այս քննարկումը կրկին արդիական դարձավ անցած շաբաթ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը հրապարակավ պնդեց, թե կողմերն այժմ ակտիվորեն քննարկում են անցած տարվա ապրիլին Մոսկվայում ներկայացված մի նախագիծ, որը հիմնված է հակամարտության փուլային կարգավորման, առաջին հերթին` Ղարաբաղի հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերման վրա: Պաշտոնական Երևանը նույն օրը հերքեց, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց` հայկական կողմը նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի անվտանգությունը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, ռուսական մամուլին տված պարզաբանման մեջ ընդգծել էր` Հայաստանի համար ընդունելի չեն մինչև 2018 թվականը ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Ադրբեջանի արտգործնախարարը, արձագանքելով Հայաստանից հնչող այս հայտարարություններին, երեկ պնդել է, թե դրանք արվում են ներքին լսարանին հանգստացնելու նպատակով։ «Հակառակ դեպքում, Լավրովի այդ հայտարարություններից մի քանի ժամ անց նույն Մնացականյանը չէր միանա բանակցություններին տեսակոնֆերանսի միջոցով», - ասել է Մամեդյարովը։

«Մենք միշտ հայտարարել ենք, որ բանակցությունները կշարունակենք, քանի դեռ տեսանելի են խաղաղ կարգավորման հնարավորությունները», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը, միաժամանակ ընդգծել, որ Բաքուն այդ բանակցությունները վարում է միայն մեկ նպատակով` վերականգնել միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը և ապահովել բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, բանակցություններ, ԼՂ, Հայաստան, Էլմար Մամեդյարով, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon