«  Մայիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մարտի 1-ի գործով 9 անձ արդարացվել է. Արամ Բարեղամյանի գործը ուղարկվել է նոր քննության

Մարտի 1-ի գործով 9 անձ արդարացվել է. Արամ Բարեղամյանի գործը ուղարկվել է նոր քննության

Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները:

Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արմեն Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

Եվս մեկ գործով՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը, քարեական գործն ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող առանցքային «տուժող» Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը 10 տարի անց մտքափոխվել է և հայտարարել, թե իրականում չի իմացել և չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե՝ այլ անձ: