«Երբ մտել ենք հավաքակայան, այնտեղ արդեն իսկ կար Ղարաբաղից եկած զորք, մոտ 500 հոգի»

Մարտի 1 21.12.2019   13:00   2692

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Կ․ Բ․-ի ցուցմունքը։

«Առաջադրված հարցերի շուրջ հայտնում եմ, որ ծնվել և մեծացել եմ Արցախի Հանրապետությունում և մինչ օրս բնակվում եմ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, հասցեավորում չկա։ 2007թ․ընդունվել եմ որպես պայմանագրային պաշտպանական բանակ և ծառայել եմ Հադրութի դիվիզիայի 2-րդ պաշտպանական շրջանի առաջին գումարտակում որպես դիրքի ավագ, ունեցել եմ ավագի կոչում։ 2008թ․փետրվարի 27-ին կամ 28-ին հերթական անգամ բարձրացել եմ դիրքեր։ Նշեմ նաև, որ թե՛ մինչև դիրքեր բարձրանալը՝ հեռուստացույցով, և թե՛ դիրքերում՝ ռադիոյի միջոցով տեղեկանում էինք, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ժողովուրդ էր հավաքվել և բունտ, միտինգ էր անում՝ ասելով, որ ընտրությունները կեղծվել են։

Նշեմ, որ Ղարաբաղում դիրքեր էինք բարձրանում՝ յոթ օրով և պերեսմենկեն կատարվում էր ամեն 7-րդ օրը։ Դեռևս դիրքեր չբարձրացած՝ բանակում տիրող խոսակցություններից իմացել էինք, որ Ղարաբաղից զինվորներ են տարել Հայաստան, քանի որ Հայաստանում գնալով իրավիճակը լարվում էր։ Տեղեկացել էինք, որ Հայաստան են տարել բանակի և Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատներին, ոստիկաններին և վետերաններին, սակայն դեռ բանակից չէին տարել։ Իսկ երբ արդեն բարձրացել էինք դիրքեր, երկրորդ օրն արդեն լսեցինք, որ Հայաստան են տանում նաև բանակի սպաներին։ Սպաների մասով կարող եմ նաև ասել, որ Հայաստան են տարել միայն ղարաբաղցի սպաներին, Հայաստանից եկած սպաներից ոչ մեկին չեն տարել։ Դիրքերում գտնվելու ժամանակ, դեռ չէր լրացել մեր յոթերորդ օրը, մեզ դիրքերից իջեցրին և դիրքեր հանեցին Հայաստանից եկած սպաներին։

Մենք իջել ենք գումարտակ, և զորամասում կրկին՝ երկրորդ անգամ ստացել անցած ամսվա աշխատավարձը ու գնացել տուն։ Ինչու եմ ասում, որ երկրորդ անգամ են աշխատավարձ տվել, քանի որ մինչև դիրքեր բարձրանալը արդեն իսկ ստացել էինք ամսվա աշխատավարձը, իսկ թե ինչու էին երկրորդ անգամ նորից աշխատավարձ բաժանում, չենք հետաքրքրվել, քանի որ ուրախացել էինք։ Աշխատավարձը ստանալուց հետո տղերքով անմիջապես գնացել ենք ուտել-խմելու։ Օբյեկտում նստած ժամանակ զանգեցին զորամասից և ասացին, որ տագնապով հավաքվում ենք զորամասում, և հրաման է տրված շուտ գալ զորամաս, սակայն մենք դուրս չենք եկել, մեր խնջույքը վերջացրել ենք, նոր բարձրացել զորամաս։ Իսկ երբ արդեն հասել ենք զորամաս, նկատել ենք, որ ողջ պայմանագրային գումարտակի զինվորներին և մյուս սպաներին նստեցրել են «Սատկո»-ները․ կալոնան շարված էր՝ մոտ 18 «Սատկո» մեքենաներ։ Մեզ դիմավորել է զորամասի հրամանատար Սևակ Ղուկասյանը, որն իր անձնական «Ռազ» մակնիշի մեքենայից մեզ է տվել «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ՝ իր 4 փամփշատուփերով, որից հետո նստել ենք մեքենաները և ուղևորվել ենք Երևան քաղաք։

Քանի որ ես ուշացել էի, ուստիև՝ իմ էպիկիրովկեն չեմ ստացել, իսկ զորքն ամբողջությամբ էպիկիրովկեն ստացել էր։ Նշեմ, որ Սևակ Ղուկասյանը Հայաստան չի եկել, այլ մնացել է զորամասում։ Ճանապարհին մեզ են միացել նաև Ղարաբաղի այլ շրջաններից կալոնաներ, մեքենաների կոնկրետ թվաքանակը չեմ կարող ասել, բայց մեր կալոնայի երկարությունը կազմել է ավելի քան 4 կիլոմետր։ Ամեն «Սատկո»-ի մեջ նստած է եղել 20 զինվոր։ Նշեմ նաև, որ ոչ միայն «Սատկո» տեսակի մեքենաներով ենք եկել, կալոնայի շարքերում եղել են նաև «ՈւԱԶ» մակնիշի այլ մեքենաներ, այդ թվում նաև շտապօգնության մեքենաներ։ Արդեն մարտի 3-ին՝ ժամը 09․00-ի սահմաններում եղել ենք Երևան քաղաքում և տեղակայվել ենք զինվորական կենտրոնական հավաքակայանում, որը գտնվում էր Չարբախում։ Նշեմ, որ կալոնայի ոչ բոլոր մեքենաներն են գնացել հավաքակայան, մեքենաների մի մասը գնացել է Ստալիչնի պոլկ և այլ տարբեր, Երևան քաղաքի և մոտակա տարածքների զորամասեր։ Կոնկրետ մեր զորամասը գնացել է հավաքակայան։ Երբ մտել ենք հավաքակայան, այնտեղ արդեն իսկ կար Ղարաբաղից եկած զորք, և մեր ընդհանուր թվաքանակը կլիներ մոտ 500 հոգի։ Նախապես նշեմ, որ հավաքակայանում եղած ողջ ընթացքում մեզ հավաքակայանից դուրս չեն հանել և որևէ տեղ չեն տարել, ամբողջ օրը գտնվել ենք հավաքակայանում՝ ազատ և պարապուրդի մատնված։ Ուտելիքը եղել է շատ և ուտելիքի կարիք չենք ունեցել, որը մեզ ամեն օր բերել են բեռնատար մեքենաներով, իմ հիշելով՝ «Ֆորդ» և «Գազել» մակնիշի մեքենաներով էին բերում․ բերում էին ոչ թե զինվորական ուտելիք, այլ ամեն ինչ, խոսվում էր այն մասին, որ ուտելիքը մատակարարում էր Լֆիկ Սամոն, այսինքն՝ Սամվել Ալեքսանյանը։

Հավաքակայանում ամեն օր կարտ էինք խաղում, և օրվա մեջ մի քանի անգամ ռազվոդ էր արվում զորքը հաշվելու համար։ Սակայն նշեմ, որ եղել են դեպքեր, որ ռազվոդ են արել նաև զենքերով, և զորքին հրապարակում շարել են տրիվոգով, սակայն հրապարակում որոշ ժամանակ պահելուց հետո ատբոյ են տվել։ Ինչ վերաբերում է մեզ հատկացված զենքներին, ապա կարող եմ ասել, որ բաժանել են նոր, չօգտագործված զենքեր, սակայն զենքը ստանալու համար մատյանում կոնկրետ ես ստորագրել եմ, որ ստացել եմ և վերջում այն հանձնելուց հետո ստորագրել եմ, որ հանձնել եմ, ստացել եմ նոր, նախկինում չօգտագործված ինքնաձիգ, բայց ստորագրել եմ, թե իբր ստացել եմ ինձ ամրակցված ավտոմատը։ Նշեմ նաև, որ հավաքակայանում գտնվելու ողջ ընթացքում ամեն երկրորդ օրը յուրաքանչյուր զինվորին գումար են բաժանել՝ 20000-30000 ՀՀ դրամի չափով։ Գումարը բաժանել է ամեն զորամասի պատասխանատու իր զորամասի սպաներին։

Մյուս զորամասերի պատասխանատուներին չեմ հիշում, սակայն կարող եմ ասել մեր զորամասի պատասխանատուի տվյալները․ մեր պատասխանատուն եղել է զորամասի հրամանատարի դիրքերի գծով տեղակալ, փոխգնդապետ Արմիկ Պետրոսյանը, ներկայումս նա պահեստազորում է, անցել է կենսաթոշակի և բնակվում է Մարտունի քաղաքում։ Հավաքակայանում տիրող խոսակցություններից իմանում էինք, որ գումարները, որոնք բաժանվել են զորքին, հավաքակայանի շտաբ էր բերում Պաշտպանական բանակի մատակարարման ծառայության պետ Գաստեր Սամսոնի Մկրտչյանը, որը ներկայումս էլ աշխատում է Պաշտպանական բանակում և զբաղեցնում է նույն պաշտոնը։ Շտաբում, որտեղ բերվում էր գումարը, նստում էր Ղարաբաղից եկած ընդհանուր զորքին ղեկավարող Սամվել Կարապետյանը, մականունը՝ Օգանովսկի։ Ներկայումս Օգանովսկին աշխատում է Պաշտպանական բանակում՝ որպես պաշտպանության փոխնախարար։ Ընդհանուր զորքին ղեկավարում էր նաև Միշա Արզումանյանը, որն այն ժամանակ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարն էր, գիտեմ, որ հիմա չի աշխատում։ Հիշում եմ նաև, որ մեզ սնունդ էր ուղարկել նաև Ծառուկյան Գագիկը։ Եղել են դեպքեր, երբ մեզ մի քանի անգամ գումարներ են բաժանել և ասել, որ դրանք տալիս են մասնավոր մարդիկ, այսինքն՝ հարուստները, սակայն նրանց անունները չեմ հիշում, միայն հիշում եմ Լֆիկ Սամոյի անունը, հստակ հիշում եմ, որ առաջին անգամ, երբ մեզ գումար բաժանեցին, ամեն մարդու 30000 դրամ, ասացին, որ գումարը տալիս է Սամվել Ալեքսանյանը։

Անձամբ ես նրան հավաքակայանում չեմ տեսել։ Հավաքակայանում եղած սպաներից կարող եմ ասել շատ մարդկանց՝ ավելի քան 200 հոգու, սակայն կթվարկեմ ակտիվներին, որոնց տրված էին լիազորություններ և տեղում ղեկավարում էին զորքին․ դրանցից կարող եմ թվարկել՝ Սաշկան և նրա 5 ընկերները, որը հանդիսանում է Օգանովսկու թիկնապահը։ Նրանք մեզ պես սովորական զինվորական հագուստներով չեն եղել, այլ հագել էին նատովկա և ազատ զենքերով տեղաշարժեր էին անում, այսինքն՝ օրվա ցանկացած ժամի դուրս էին գալիս հավաքակայանից և ժամերով կորում, իսկ գիշերներն ընդհանրապես հավաքակայանում չէին մնում, նրանցից միայն մեկն էր մնում՝ որպես պատասխանատու․ նրանք ունեին իրենց հատկացված մեքենաները և դրանցով շրջում էին քաղաքում։ Սաշկան ներկայումս Օգանեսովի հետ է։ Կարող եմ ասել նաև Կանդազի անունը, որը ներկայումս Մարտակերտի ջրային ցանցի տնօրենն է, նրա անունը չգիտեմ։ Կանդազը դեռ այն ժամանակ դուրս էր եկել բանակից։

Կանդազին հատկացված էր «Վիլիս» մակնիշի մեքենա, որով նա շրջում էր քաղաքում՝ ավտոմատը ուսից գցած, իսկ ատրճանակն էլ ոտքից կապած։ Մոռացա նաև նշել, որ երբ արդեն հասել ենք հավաքակայան, մեզ բոլորիս ասացին, որ ոչ ոք շարքային համազգեստով չլինի և ուսադիրներ կպցնի, ես եղել եմ փոխգնդապետի ուսադիրներով։ Այնտեղ է եղել նաև Ռիժի Միշկան, որն այն ժամանակ նախագահ Բակո Սահակյանի թիկնազորի պետն էր, իսկ ներկայումս հետևում է Բակո Սահակյանի բիզնեսներին։

Հավաքակայան էր գալիս մի քանի րոպեով և կրկին հեռանում Ղարաբաղի ԿԳԲ-ի սպեցնազի կամանդիր Գագոն և գալիս էր իր տղաներից մի քանիսի հետ։ Նշեմ, որ Երևանում Գագոն շրջում էր «Խամեր» մակնիշի մեքենայով, որը նաև վերջում իր հետ բերել է Երևան, իսկ այդ դեպքերից հետո Գագոն դարձավ նաև ԱԱԾ պետի տեղակալ և մինչև վերջերս էլ այդ պաշտոնին էր։ Հակիրճ ասեմ՝ Հայաստան են բերել մեր 2-րդ պաշտպանական շրջանի տեղացի սպաներից մեծ մասին, մեր պայմանագրային 1-ին գումարտակի ողջ սպայական կազմը եկել է, դաժե բերել էին նրանց, ովքեր գտնվել են արձակուրդի մեջ։

Ասեմ նաև, որ մինչ մենք գտնվել ենք Երևանում, դիրքերում պերեսմենկա՝ հերթափոխ, չի եղել, և դիրքեր բարձրացած խմբերը մնացել են այնտեղ մոտ մեկ ամսից ավելի ժամանակ։ Հավաքակայանում գտնվելու ժամանակ այնտեղ եղած սպաների հետ զրուցելու ընթացքում նրանցից իմացել եմ, որ Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ նրանց հանել են քաղաքի տարբեր մասեր, և իրենք կրակել են թե՛ օդ՝ ժողովրդին վախեցնելու համար և թե՛ ժողովրդի ուղղությամբ։ Այդ մասին շատերից եմ լսել, սակայն ներկայումս կոնկրետ մարդկանց նշել չեմ կարող, գտեք այդ մարդկանց, հարցաքննեք, և իրենք էլ այդ մասին կասեն ու կհաստատեն։ Լսել եմ նաև, որ մեր բանակի և Ազգային անվտանգության ծառայության սպեցնազի տղաները մասնակցել են միտինգի ժողովրդին ցրելուն և տարբեր տեղերում և հրապարակներում ցրել են միտինգավորներին, այսինքն՝ ծեծել ու ջարդել են մարդկանց։ Հավաքակայանում 15 օր մնալուց հետո վիճել եմ սպաներից մի քանի հոգու հետ, ինչի արդյունքում ինձ հետ են ուղարկել Ղարաբաղ։ Ինձնից բացի՝ Ղարաբաղ են ուղարկել նաև մի քանի հոգու, որոնց այլևս Հայաստան չեն տարել։ Այդ ժամանակ մեզ հետ Ղարաբաղ է վերադարձել նաև Հաքիմը։ Հաքիմը մեր զորամասում եղել է գումարտակի հրամանատար, որից հետո տարել են Հադրութի գունդ՝ հրամանատարի տեղակալ, որ գծով՝ չգիտեմ, ես այնտեղից եմ նրան ճանաչել դեռևս 2002թ․։ Իմ ունեցած տեղեկություններով՝ 2008թ․ դրությամբ Հաքիմն արդեն դուրս էր եկել բանակից։ Ճանապարհին քեֆ անելով ենք գնացել տուն և շատ եմ զրուցել Հաքիմի հետ։ Նշեմ, որ Հաքիմին հավաքակայանում չեմ տեսել, իսկ նա պատմում էր, որ ինքը գտնվել է պրեզիդենտսկի պադվալում, այնտեղ իրենք եղել են քսան հոգով։ Նա պատմում էր նաև, որ Ազգային ժողովում նույնպես Ղարաբաղից զինվորներ են եղել։ Իսկ թե կոնկրետ ինչ են արել պրեզիդենտսկի պադվալում՝ Հաքիմը չի պատմել և չի մանրամասնել։

Իսկ Հաքիմը Ղարաբաղ էր գալիս, որ նոր խումբ հավաքեր և վերադառնար Հայաստան։ Ես մի քանի օրից իմացա, որ Հաքիմը նոր տղաներ է հավաքագրել և գնացել են Հայաստան։ Մոռացա ասել, որ երբ հասել ենք հավաքակայան, մեզ ի սկզբանե ասել են, որ մեզ Հայաստան են բերել, որպեսզի Հայաստանի երկրապահներին ցրենք և բռնենք Մանվել Գրիգորյանին, քանի որ նա երկրապահների հետ անցել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը։ Մեզ այդ ժամանակ տեղեկացրին նաև, որ դրանից առաջ շրջափակել են երկրապահների շենքը, որտեղ այդ ժամանակ հավաքված են եղել բազմաթիվ երկրապահներ՝ Մանվելի գլխավորությամբ, և նրանց ցրել այնտեղից, բայց հնարավոր էին համարում, որ կարող է կրկին Մանվելը հավաքի երկրապահներին, և մենք պետք է այդ ժամանակ շրջափակենք Մանվելի տունը, ցրենք երկրապահներին և բռնենք Մանվելին։ Սակայն նման հրաման այդպես էլ չենք ստացել։ Կարող եմ նաև ասել, որ Հայաստանից վերադառնալուց հետո Կանդազն իրեն սկսել է «լավ» զգալ, հարուստի կյանք վարել, փոխվել է նաև նրա շփման շրջապատը՝ սկսել է շփվել հարուստների և պաշտոնյաների հետ։ Այլ մանրամասնությունների չեմ տիրապետում։ Ինչ վերաբերում է այդ դեպքերի ժամանակ սպանված 10 անձանց սպանության հանգամանքներին, ապա կոնկրետ տվյալների չեմ տիրապետում, միայն լսել եմ, որ Ղարաբաղից եկած տղաներից ոմանց, կոնկրետ անուններ չեմ կարող ասել, հրաման է տված եղել կրակել։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղից եկած զորքի սպառազինությանը, ապա եղել են տարբեր տեսակի զինատեսակներ՝ ինքնաձիգերից, ատրճանակներից սկսած մինչև պուլիմյոտներ, սնայպերսկի վինտովկեք՝ ՍՎԴ, և այլ զենքեր, կարող եմ ասել՝ ով եղել է բանակի սպա և պայմանագրային ծառայող, նրանցից ում վրա ինչ զենք ամրակցված է եղել, նման տեսակի զենք է ստացել, իսկ ովքեր բանակից չեն եղել, նրանք ստացել են այն զինատեսակները, որոնց լավ տիրապետել են կռվի ժամանակ։

Ավելացնելու այլ բան չունեմ, միայն կարող եմ նաև ավելացնել, որ հավաքակայան շատ մարդիկ են եկել, որոնց մեքենաների կալոնաներից պարզ էր, որ նրանք կա՛մ բարձրաստիճան պաշտոնյաներ են, կա՛մ հարուստ մարդիկ, սակայն քանի որ ես ոչ ոքի չեմ ճանաչել, ուստի չեմ կարող ասել, թե այդ մարդիկ ովքեր են եղել...»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ցուցմունք, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon