Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Մարտի 1 19.04.2019   12:00   380

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, երեկ մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը, հայտնում է armtimes-ը:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործի վերանայման հիմքում որպես նոր հանգամանք դրել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Եվրոպական դատարանը ճանաչել է Ոսկերչյանի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գտել է, որ կալանավորման անհրաժեշտ եւ բավարար պատճառներ ներպետական դատարանները չեն ներկայացրել: Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար: Պաշտպանական կողմը գտնում է, որ ներպետական ատյանները նույնպես պետք է արձանագրեն Ոսկերչյանի իրավունքի խախտումը:

Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 8-ին, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1 մասով: Նա մեղավոր էր ճանաչվել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ՝ դատարանը որոշել էր նրան ազատել պատիժը կրելուց:

Դատարանում երեկ պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ բողոքը ներկայացվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 16-ին կայացված դիմողի նկատմամբ կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ: Երկրորդ բողոքը ներկայացվել է 2009 թվականի հունիսի 2-ին կայացրած որոշման դեմ, որով դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: «Վերաքննիչ դատարանին խնդրում եմ նշված երկու որոշումները բեկանել եւ վերացնել»,- ասաց Շուշանյանը: Ըստ նրա՝ որպես ՄԻԵԴ վճռի հետեւանք այն դատական ակտերը, որոնցով խախտվել է անձի որեւէ հիմնարար իրավունք, այդ դատական ակտերը պարտադիր կարգով պետք է բեկանվեն, վերացվեն. «Միայն այդ պարագայում կարող ենք համարել, որ անձի խախտված իրավունքը ներպետական մակարդակներում նույնպես վերականգնվել է»,- հավելեց Ոսկերչյանի պաշտպանը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 3-ին:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պատասխանատուն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Գրիգոր Ոսկերչյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon