Մոսկվան կքննարկի վրացական գինու, օղու արգելքի և դրամական փոխանցումների սառեցման մասին առաջարկը

Տարածաշրջան 09.07.2019   10:00   259

ՌԴ կառավարությունը կքննարկի վրացական գինու, օղու արգելքի, ինչպես նաեւ դրամական փոխանցումների սառեցման մասին ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջարկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը:

Համապատասխան առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հայտարարելով ՌԴ նախագահի եւ երկրի քաղաքացիների հասցեին վիրավորանքների անթույլատրելիության մասին:

Նշենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ում իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքով: Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր  դատապարտել են Գաբունիային եւ մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել:

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ուղիղ եթերում հայհոյանքն անընդունելի է համարում, չնայած եւ համաձայն է հեռուստահաղորդավարի դիրքորոշմանը: Գաբունիայի ելույթը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, երկրի ԱԳՆ-ն լրագրողի ելույթը գնահատել է որպես երկրների հարաբերություններում լարվածությոն մտցնելու փորձ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է միջադեպին եւ շեշտել, որ սա «Վրաստանի դժբախտությունն է»:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բոլոր ճանապարհներով կձգտի իշխանության հասնել, իսկ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը նրա քաղաքականության գործիքն է: Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել  Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Facebook-յան իր էջում մեկնաբանելով վրացական հեռուստաալիքի եթերում ռուսական ղեկավարությանն ուղղված հարձակումները՝ դիվանագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Սաակաշվիլիի նախընտրական արշավը մտել է «վերջին ճակատամարտի» փուլ:

«Նա բոլոր ճանապարհներով կձգտի իշխանության հասնել: Կոշտ, ցինիկ, ցանկացած գնով, նույնիսկ հասարակության տոտալ երկպառակման գնով: «Ռուսթավի 2»-ը նրա քաղաքականության գործիքն է»,- նշել է Զախարովան:

Ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի ժողովուրդը, ավանդույթները եւ մշակույթը դարձել են «քաղաքականության դատարկապորտների պատանդը»:

«Վրաստանի ավանդույթների մասին բոլոր խոսակցությունները զուտ խոսակցություններ են: Ավանդույթներ, որոնք կարող էին երկրի եւ ժողովրդի համար հենարան դառնալ այնտեղ, որտեղ օրենքներն այսօր դեռեւս չեն գործում, ցավոք՝ ոչ: Կա ֆոլկլոր, կոլորիտ, ոչ ավելին: Այստեղ պետք է ընտրություն կատարել՝ կա՛մ «Վրաստանը Եվրոպա է», և այդ դեպքում օրենքների խստագույն կատարում, կա՛մ զսպող ու կարգավորող ավանդույթների վերականգնում»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեորգի Գաբունիա, Վրաստան-Ռուսաստան, Վրաստան, «Ռուսթավի 2», Մարիա Զախարովա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon