Նարեկ Սարգսյան. Եթե խոսում ենք իրո՛ք աննախադեպի մասին, դա Տեր-Պետրոսյանի իշխանությունն էր

Խոսք 07.04.2020   20:42   2708

ՉԻ-ում հոդված ա տպվել, որում Փաշինյանի իշխանության դժվարությունները համեմատվում են Տեր-Պետրոսյանի տարիների դժվարության հետ։ Ինչպիսի նաիֆ համեմատություն... Ասել ու ասում եմ - Աստված չանի, որ Փաշինյանի Հայաստանը հանդիպի դժվարությունների թեկուզ 10 տոկոսին, որին դիմագրավում էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։

2008-ին ռուս-վրացական ճգնաժամի օրերին Հայաստանը ընդամենը 5 օր ապրեց այն, ինչում ապրում էր Տեր-Պետրոսյանի Հայաստանը 3-4 տարի շարունակ ամենօրյա ռեժիմով, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր։

2016-ի ապրիլին Հայաստանն ու Արցախը 4 օր ապրեցին այն, ինչը Տեր-Պետրոսյանի Հայաստանը ապրում էր 3-4 տարի՝ ամենօրյա ռեժիմով, երբ Ղարաբաղում թեժ պատերազմ էր։

Եթե Փաշինյանի Հայաստանում աղետի գոտում մի քանի հազար մարդ ա անտուն, Տեր-Պետրոսյանի Հայաստանում աղետի գոտում մի քանի հարյուր հազար մարդ էր անտուն, մի քանի հարյուր հազար մարդ էլ՝ փախստական։

Եթե Փաշինյանի Հայաստանում ճգնաժամի պատճառով տնտեսության մի քանի ճյուղ փլուզման վտանգի առաջ է, Տեր-Պետրոսյանի Հայաստանի ողջ տնտեսությունն էր փլուզվել, որովհետև կայսերական փլուզված տնտեսության շղթա էր։

Եթե Փաշինյանի Հայաստանում Ադրբեջանը կարող է ռմբակոծել մի քանի սահմանամերձ գյուղի տան տանիք, Տեր-Պետրոսյանի Հայաստանում ռմբակոծվում էր Գորիսը, Ստեփանակերտը, ռմբակոծվում էին Ղափանի հացի հերթում կանգնած մարդիկ...

Եթե Փաշինյանի Հայաստանում մենք միշտ ունենք առնվազն մի ամվսա պարենի և ամեն ինչի պաշար, Տեր-Պետրոսյանի Հայաստանում բազմաթիվ անգամներ բառացիորեն մի քանի օրվա հացի պաշար էր մնացել (հիմա շատերն են մոռացել էդ օրերը)։ Դուք հասկանում ե՞ք՝ ինչ է նշանակում բեռնափոխադրումների անհնարինություն, գազատարի ու երկաթգծի պայթեցում։ Չեք հասկանա ու աստված չանի ձեր մաշկի վրա զգաք։

Ես ոչ մի բան չունեմ Փաշինյանի իշխանության դեմ, հակառակը, աջակցել եմ հեղափոխության առաջին օրից սկսած առ այսօր։ Բայց եթե մենք խոսում ենք իրո՛ք աննախադեպի մասին, դա Տեր-Պետրոսյանի իշխանությունն էր, որում գրեթե ամեն ինչ էր աննախադեպ՝ Ղարաբաղի հաղթանակից, Քելբաջար ու Աղդամ ազատագրելուց սկսած, սեփականաշնորհումներով և ատոմակայան վերագործարկելով ավարտված, որը աննախադեպ էր, որովհետև այդպիսի նախադեպ չէր եղել, ուղղակի չէր եղել։ Ու էդ «Աննախադեպը» լավ օրից չէր, այլ շա՛տ վատ օրից էր։

Փաշինյանի Հայաստանը ինտերնետի դարում է ապրում, որտեղ հազարավոր մարդիկ սովից չեն մեռնում ինտերնետով փող աշխատելու շնորհիվ և փակ սահմանների վրա թքած ունեն։ Տեր-Պետրոսյանի Հայաստանը բոլորովին այլ էպոխա էր, որտեղ տնտեսությունը ամեն-ամեն ինչով էր կապված սահմանների հետ։ Տեր-Պետրոսյանի Հայաստանում ժողովրդի զգալի հատվածը կտրված էր իրականությունից, քանի որ անկախություն ստանալով կարծում էր, որ լողալու է բարիքի մեջ։ Աղքատության և մնացած ամեն ինչի համար Տեր-Պետրոսյանն էր մեղավոր։

Փաշինյանի Հայաստանում ժողովուրդը 20 տարի քոչարյանասերժական լծի տակ տառապած, քաղաքականապես հասունացած, տառապանքով իմաստնացած ժողովուրդ է, որը բոլորովին այլ կերպ է գնահատում լեգիտիմ իշխանությանը։

Փաշինյանի ժամանակ քաղաքացին կարող է հարցնել երկրի ղեկավարին. «Ո՞նց եք դիմանում մեզ»։ Տեր-Պետրոսյանին այդպիսի հարց տվող չկար։

Այսինքն Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի Հայաստանները դժվարությունների անհամեմատելի մասշտաբների մեջ են և պիտի մենք փառք տանք Աստծուն, որ այդպես է։

Որևէ իշխանություն, թեկուզ ապագայի, երբեք չի կառավարելու այն պայմաններում, որում կառավարում էր Տեր-Պետրոսյանը։ Որովհետև կայսրությունների փլուզումը, երկրաշարժը, պատերազմը, էներգետիկ ճգնաժամը և փակ սահմանները, և էդ ամեն ինչի համընկնումը այնպիսի մասշտաբի դժվարություն է, որը երևի պետությունների ու ժողովուրդների պատմության մեջ հանդիպում է հազար տարին մի անգամ։

Նարեկ Սարգսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon