Նախարար. Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ

Պաշտոնական 03.05.2020   13:00   653

ՀՀ առաղջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։

Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։

Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են», գրում է նախարարը:

 

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, բժիշկներ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon