Նախարարը կդիտարկի Եղվարդի ծննդատան գործունեությունը շարունակելու հարցը (ասուլիս)

Հայաստան 15.01.2020   10:00   136

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը կշարունակի իր գործունեությունը:Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թորոսյանը, անդրադառնալով ծննդատան լուծարման խնդրին, ասաց, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը տարեկան 136 ծնունդ է ընդունում, սակայն  նախարարության կողմից սահմանված չափորոշինը նվազագույնը 150 ծննդի ապահովումն է:Նախարարը նշեց, որ այս ծննդատունը միակն է, որ 150-ին մոտ է և չունի թերություններ մյուս մասերով` կադրերի, սարքավորումների և ծառայությունների:

«Հիմա քննարկում ենք, թե արդյոք արժե Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնին ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անել, որ հասկանանք՝ ի վերջո, 150-ի կձգտեն, կհասնե՞ն, թե չէ»,- ասաց Թորոսյանը, հավելելով, որ պատրաստ են քննարկումներ իրականացնել նաև մյուս ծննդատների հետ, սակայն տարեկան 10 ծնունդ ընդունող ծննդատների հետ, բնականաբար, չեն բանակցելու:

Ըստ Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների` ծննդատանն անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում, ինչպես նաև սարքավորումների, մասնագետների և ծառայությունների առկայություն:

Նախարարի խոսքով` Մարալիկի, Աչաջուրի , Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոնների ծննդատները և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին և ենթակա են եղել լուծարման:

Նա նշեց, որ ոլորտի մասնագետների կողմից կազմված չափորոշիչներով ծննդատներին գնահատական է տրվել դեռևս 2018 թվականի վերջին և մեկ տարի ժամանակ է տրվել` հանկարծակիի չբերելու և կտրուկ որևէ բան չանելու նպատակով: Ըստ նախարարի` որոշ ծննդատներ կարողացել են կարգը փոխել և սահմանված չափորոշիչների համապատասխանեցնել իրենց ծննդատունը:

Առողջապահության նախարարը ընդգծեց, սակայն , որ միայն թվով չի կարող աշխատել ծննդատունը, պետք է լինի պահանջ-պայմանների կատարում։

«Եթե չկա վիրահատարան, ինտենսիվ թերապիա և այլն` դրա մասին խոսք չի կարող լինել, ինչքան ճանապարհ էլ ուզում են փակել, դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջության պահպանությանն է միտված»,- շեշտեց Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև 2018 և 2019 թվականների վիճակագրությունը լուծարման ենթակա բժշկական հաստատությունների. Մարալիկը 2018 թվականին ընդունել է 126, իսկ 2019 թվականին 102 ծնունդ, Աչաջուրը` 2018-ին՝ 88, 2019-ին՝ 79, Արտենին` 41/26, Ծաղկահովիտը՝ 48/63, Արծվաբերդը` 14/10, Քաջարանը` 42/46 և Եղվարդի «Նաիրի» ԲԿ 119/136:

Հայաստանի մարզերում նախատեսվում է կառուցել 6 նոր բուժհաստատություն, ևս 4-ը վերանորոգել, ասաց Արսեն Թորոսյանը և նշեց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է. մարզերում իրականացվելու է 10 ծրագիր:

Նախարարը ներկայացրեց մարզերին վերաբերվող ծրագրերը.

«Չարենցավանի բժշկական կենտրոնում կատարվելու է մասնակի վերանորոգում: Լոռու մարզում կառուցվելու է «Տաշիր» բժշկական կենտրոնը, որը կատարվելու է «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է մշակում: Այդ նպատակով 31 միլիոն դրամ ծախսելու ենք»:

Թորոսյանը նշեց, որ Ծաղկահովիտում և Արթիկում նախատեսվում է կառուցել առողջության կենտրոններ, ինչպես նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել «Նաիրի» բժշկական նոր կենտրոն:

Ըստ նախարարի` վերակառուցվելու են Աշտարակի, Թալինի, Սիսիանի, Վաղարշապատի և Մասիսի բժշկական կենտրոնները:

Նղենք, որ Արսեն Թորոսյանը 8 օրով արձակուրդ է գնում: Առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Եղվարդի ծննդատուն, ասուլիս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon