Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով

Պաշտոնական 01.06.2020   10:41   586

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին վարչապետը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում։

«Երեկ պարզվել է, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել։ Առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և այն դրական էր, ինչից հետո թեստավորվեց նաև ամբողջ ընտանիքս՝ բոլորս վարակված ենք կորոնավիրուսով։ Մենք չունենք որևէ ախտանշան, վերջին մեկ ամսում ամեն օր աշխատանքի ներկայանալիս ինչպես կարգն է ջերմաչափվել եմ և չեմ ունեցել ջերմություն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով վարակվելու հանգամանքին, ՀՀ վարչապետը նշեց՝ ակնհայտ է, որ ընտանիքի անդամները վարակվել են հենց իրենից։ Նա նշեց, որ կռահում է, թե ինչպես է վարակվել։

«Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցություններից մեկի ընթացքում։ Մի դեպք եմ արձանագրել, որն իմ մեջ տպավորվել է։ Խորհրդակցությունների ժամանակ դրվում են ջրի բաժակներ, և ես մի օր արձանագրեցի, որ այդ բաժակներն առանց ձեռնոցի էր դրվում։ Տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է նույն կերպ եղել, և այդ մատուցողի մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուսը»,- նշեց Փաշինյանը։

Այնպես է ստացվել, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն իրենց չի օգնել, բայց վարչապետը համոզված է, որ առնվազն Կառավարությունում իրենից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։ 

«Շարունակելու եմ աշխատել՝ վարչապետի կեցավայրից։ Ունեմ բոլոր կապի միջոցները, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները, աշխատասենյակ։ Որքան պետք լինի կաշխատեմ այստեղից, իհարկե, մեկուսացվածության պայմաններում։ Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Բոլորիս մոտ նույն վիճակն է՝ չունենք ջերմություն և ախտանշաններ, բայց պետք է հետևենք, որովհետև կարող են այդ ախտանշաններն ինչ-որ մի պահի ի հայտ գալ։ Մեր մտահոգությունն այն է, որ վարակած չլինենք մեր տատիկ- պապիկներին, միջնորդավորված վարակի աղբյուր հանդիսացած չլինենք»,-նշեց Փաշինյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon