«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Երջանիկ Աբգարյան. «Ուզում եմ գիտակցաբար խեղարթյուրողների գանգերի մեջ մտցնեմ տարրական փաստերը»

Երջանիկ Աբգարյան. «Ուզում եմ գիտակցաբար խեղարթյուրողների գանգերի մեջ մտցնեմ տարրական փաստերը»

Ուզում եմ որոշ գիտակցաբար խեղարթյուրողների եւ առաջին հերթին դաշնակների գանգերի մեջ մտցնեմ տարրական փաստերը:

ՀՀՇ-ն 1991-ին արտահայտելով ժողովդի կամքը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այդ պետությունը արագ ճանաչում ստացավ ինչպես այլեւայլ պետություների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: Փոխվեց ժողովրդի եւ երկրի կարգավիճակը, այն դարձավ միջազգային սուբյեկտ: Անկախ պետություն ունենալու հանգամանքն էր, որ ժողովրդի քվեն ստացած ՀՀՇ-ական իշխանությունը, Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ կարողացավ կազմավորել նոր պետական համակարգ եւ, հայտնի ծանրագույն պայմաններում, այն հարմարեցնել մեր երկրի առջեւ այդ ժամանակ ծառացած երկու կարեւորագույն խնդիրների լուծմանը՝ հայկական բանակի կառուցմանը եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Ցնդաբանություն է պնդելը, որ Գերագույն գլխավոր հրամանատարը եւ նրա իշխանությունը կապ չեն ունեցել եւ կամ նույնիսկ փորձել են խանգարել իրենց իսկ ստեղծած բանակի հաղթական առաջընթացին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանատարության տակ էր եւ նրա կառավարության շնորհիվ էր, որ ՀՀ-ում ճիշտ ժամանակին որոշվեց բանակ ստեղծել, որ դրա բարձր հրամանատարական, սպայական եւ ենթասպայական կազմերի հարցերը կարգավորել, որ ռազմաճակատը ամուր թիկունք ունեցավ, որ բանակի բազմապիսի մատակարարումներն ու պահանջները ապահովվեցին, որոնցով ԼՂԻՄ-ի ողջ տարածքի շուրջը ստեղծվեց անվտանգության լայն գոտի, որի առկայությունն արդեն 25-տարի է ապահովում է արցախցիների ապահով կյանքը: Եւ հայ ժողովուրդն իր անկախ պետականությունն ունենալու շնորհիվ հաղթեց պատերազմում:

Երջանիկ Աբգարյան

2019թ.

***

Հատված «Նրանք դեռ որոճում են ցնորամիտ լեգենդներ» հոդվածիցю

«Արցախում պատերազմական գործողությունների ուղղվածությունը ևս երբեք տարերային բնույթ չի կրել, այլ իրականացվել է պետության ղեկավարության և բանակային հրամանատարության ծրագրերին համապատասխան: Դեռ ավելին, քաղաքական իշխանությունը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի, իրականացնում էր ոչ միայն պատերազմի քաղաքական ղեկավարությունը, այլև բազմիցս սրբագրում և ուղղորդում էր բուն պատերազմական գործողությունների ընթացքը: Եվ այդ գործում նա ղեկավարվում էր զուտ ռազմական անհրաժեշտություններից, պատերազմը հաղթականորեն ավարտելու տրամաբանությունից:

Արտաքին քաղաքական ճնշման մամլակում հայտնված Հայաստանի համար հեշտ չէր Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշում կայացնելը, բայց նրա ղեկավարությունը այդ քայլը կատարեց որպես պատերազմի պարտադրանք: Չէ՞ որ ակնհայտ էր, որ ռազմական տեխնիկայի և զենքի նոր տեսակներով սաստկացող պատերազմը անհնարին կլիներ շահել ուղղաթիռային  մատակարարումների միջոցով: Եվ պետությունը միջազգային պատժամիջոցների  ենթարկվելու ռիսկին դեմ հանդիման վճռական որոշում կայացրեց և իրականացրեց Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ցամաքային ապահով միջանցքի բացումը:

Քելբաջարից և Կուբաթլիից մինչև Հորադիզ ու Աղդամ տարածված շրջանների գրավումը նույնպես ո՛չ ինքնաբերաբար է եղել, ո՛չ էլ Ադրբեջանից հավելյալ տարածքներ գրավելու սնափառությամբ մղված, այլ իրականացվել է հատուկ ծրագիր՝ նպատակ ունենալով մի քանի հարյուր կիլոմետրով կրճատել ռազմաճակատի գիծը և այդ կրճատման շնորհիվ ազատված կենդանի ուժն ու տեխնիկան ռազմաճակատի նոր գիծ տեղափոխելով՝ հզորացնել նրա կարևորագույն դիրքերը:
Արցախի սահմանից ռազմաճակատի  հեռացման և բուֆերային գոտու ստեղծման մասին որոշումը նույնպես բխում էր ռազմական անհրաժեշտությունից, քանի որ ապահովում էր  հայ բնակչության անվտանգությունը, բացառում ճակատամերձ բնակավայրերից հաճախակի տեղի ունեցող փախեփախները, որոնք իրենց ճանապարհին խուճապի էին մատնում մյուս բնակավայրերի բնակիչներին, փաստորեն քայքայում թիկունքն ու բարոյալքում զորքը: Պատերազմում ամենավտանգավորը խուճապն է: Ի դեպ, 1992 թ. անհաջողությունները մեծ դաս եղան հենց նրանով, որ ժողովրդի հետևից  նահանջն ապահովող  զորքը ինչ-որ պահի ցիրուցան վիճակում հայտնվեց ժողովրդի առջևում:

Պատերազմական գործողության տեղափոխումը ադրբեջանական տարածքներ նպատակ ուներ ծանր խնդիրներ դնել հակառակորդի առջև՝ հարյուր-հազարավոր փախստականների միջոցով խուճապ ու հուսալքություն առաջացնել ադրբեջանական ճակատամերձ շրջաններում, ողջ Ադրբեջանում,  նրա բանակում, ներքաղաքական գզվռտոցներ հրահրելով թուլացնել իշխանություններին և այլն: 

Ադրբեջանական համարվող տարածքների գրավումը նաև դիտվում էր որպես լուրջ հաղթաթուղթ հայկական կողմի ձեռքին՝ հետագա բանակցություններում ադրբեջանցիներից զիջումներ կորզելու համար:
Վերը ասվածը մի չնչին մասն է պետական մակարդակի այն ծրագրված գործունեության, որ վարում էր Երևանը: Սա, ինչպես տեսնում եք, պարոնայք հակահշշականներ, 1918-1920 թթ.  խմբերի ու խմբապետերի Ուլուխանլուից մինչև Թալին ու Կաղզվան վազվզոցներով պատերազմական հարցեր լուծելու «մարտավարություն» չէր։

Երջանիկ Աբգարյան
25 մայիսի, 2002թ.


Երջանիկ Աբգարյանը եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում։ Դեռ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ծավալված ընդհանուր ստորագրահավաքի կազմակերպիչներից ու իրականացնողներից էր։ 1988 թվականին Շարժման սկզբից ղեկավարում էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի «Ղարաբաղ» ենթակոմիտեն, ապա համակարգում էր ԳԱ գիտական ինստիտուտների «Ղարաբաղ» ենթակոմիտեների աշխատանքը։ 1988 թվականի հոկտեմբերից ընդգրկվել է «Ղարաբաղ» կոմիտեի կազմում։ Գաղտնի այս կոմիտեն հաջողությամբ ղեկավարեց Ղարաբաղյան շարժումը մինչև 1989 թվականի մայիս՝ հիմնական «Ղարաբաղ» կոմիտեի կալանքի տակ գտնված 6 ամիսների ընթացքում։

1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ։ 1990-1991 թվականներին եղել է Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ՀՀՇ ջոկատների գործողությունների համակարգող։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնավորապես, Էրքեջ և Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։
1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ Մաքսային վարչության պետ։ Ստեղծել է անկախ Հայաստանի մաքսային համակարգը, հեղինակել հանրապետության մաքսային օրենսդրությունը։ 1995-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Երջանիկ Աբգարյանը մահացել է 2020 թվականի մայիսի 7-ին, երկարատև հիվանդությունից հետո: