Պարետի նոր որոշումը

Կարևոր 23.04.2020   10:23   722

Պարետի նոր որոշմամբ` առանձին գործունեության տեսակների դեպքում սահմանված են սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

  • Մշակող արդյունաբերության հատվածում՝
  • Պոլիգրաֆիական գործունեություն
  • Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
  • Քարի սղոցում, մշակում և հարդարում
  • Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
  • Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
  • Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
  • Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

  • Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
  • Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
  • Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
  • Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

  • Գրքերի հրատարակություն
  • Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

  • Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
  • Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

  • Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

  • Արհեստակցական միությունների գործունեություն
  • Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
  • Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
  • Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:

Մնացած մանրամասները՝ որոշման մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, փոփոխություններ, արտակարգ դրություն, Տիգրան Ավինյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon