Պարետը մի շարք սահմանափակումներ է վերացրել

Կարևոր 03.05.2020   12:00   645

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։

Մասնավորապես՝

Տեղաշարժի իրավունքի մասով՝

  • Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
  • Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
  • Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է,
  • Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը,

Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝

  • Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
  • Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
  • Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
  • Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
  • Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
  • Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
  • Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
  • Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:

Կանոններ

Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։

Առավել մանրամասն՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։

Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։

Առողջություն ու զգոնություն բոլորիս»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon