Պետդեպ. Հայաստանում հեղափոխությունից հետո էլ դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է (տեսանյութ)

Պաշտոնական 12.03.2020   12:30   370

«Ազատությունը» գրում է. ««2019 թվականին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իր օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցում:

«Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատաքննությունը` պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործում։ Առաջադրված են մի շարք մեղադրանքներ` սահմանադրական կարգի տապալումից մինչև կոռուպցիա և Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում», - նշում է Պետդեպը, թվարկելով գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների անունները` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Փաստելով, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Պետդեպարտամենտը միաժամանակ մեջբերում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը.

 «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:

Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ 2008-ի ողբերգական իրադարձություններից ավելի քան մեկ տասնամյակ անց` 2019-ի հունիսին, Հայաստանի խորհրդարանը օրենք ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տրամադրելու մասին, կառավարությունն էլ այդ նպատակով 720 միլիոն դրամ` 1,5 միլիոն դոլար հատկացրեց:

Անդրադառնալով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խախտումներին, Պետդեպարտամենտը հատուկ առանձնացրել է դատական համակարգի անկատարությունը, ընդգծելով` էական խնդիրներ կան արդարադատության անկախության հետ կապված: «Թեև օրենքը երաշխավորում է արդարադատության անկախությունը, համակարգը հիմնականում իրեն անկախ ու անաչառ չի դրսևորում», - փաստում է Պետդեպը, հավելելով` 2018-ի իշխանափոխությունից հետո էլ դատավորների նկատմամբ համատարած անվստահություն է տիրում, հասարակական կազմակերպություններն էլ նշում են` դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին, դատավորների կաշառակերությունն էլ մնում է մտահոգության առարկա:

Զեկույցը հիշեցնում է նաև դատարանների դռներն արգելափակելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսյան կոչը, պնդելով, թե դա ակնհայտորեն արձագանք էր նախկին նախագահ Ռովերտ Քոչարյանին կալանքից ազատելու` Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմանը: «Որոշ դիտորդներ այդ քայլը գնահատեցին որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ», - նշում է զեկույցը:

Խոսելով դատական համակարգի մասին` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է` 2018-ի հեղափոխությունից հետո ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ են արձակվել նախնական կալանքից, ակնարկելով թերևս «Սասնա ծռեր»-ի, Վահան Շիրխանյանի ու մյուսների դեպքերը: «Իրավապաշտպանների խոսքով՝ նրանց քրեական գործերում հանգամանքներ չեն փոխվել, ինչը վկայում է, որ մինչ թավշյա հեղափոխությունը դատավորները նրանց գրավի դիմաց ազատ չէին արձակում և պահում էին կալանքի տակ քաղաքական շարժառիթներով», - նշում է զեկույցը:

Դատական համակարգը քննադատության է արժանացել նաև կասկածյալներին համատարած նախնական կալանքի դատապարտելու հին ավանդույթը լայնորեն կիրառելու և առանց հստակ հիմքերի կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ «Երկարատև ազատազրկումը շարունակում է մնալ խրոնիկ խնդիր Հայաստանում», - պնդում է Պետդեպարտամենտը՝ մեջբերելով կառավարության վիճակագրությունը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ բանտերում պահվողների 45 տոկոսը անազատության մեջ է առանց վերջնական դատավճռի:

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև իրավիճակը ոստիկանական բաժանմունքներում ու քրեակատարողական հիմնարկներում։ «Իրավապաշտպանները պնդում են` հանգամանքը, որ ոստիկանները անցյալում իրենց չարաշահումների ու կտտանքների համար անպատիժ են մնացել, նպաստել է, որ նմանատիպ դեպքերը շարունակվեն, թեև թավշյա հեղափոխությունից հետո դրանց թիվը նվազել է», - նշում է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով` դիտորդները պնդում են, որ անցյալում տեղի ունեցած այդ հանցանքների համար մեղավորներն անպատիժ են մնում, քանի որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում միայն ղեկավարությունն է փոխվել, հիմնական կազմը, սակայն, մնացել է նույնը:

Բանտերում դիտորդություն իրականացնող փորձագետներն էլ իրենց հերթին նշել են` այս ոլորտում կաշառակերությունը վերացնելու քաղաքական կամքն ամենաբարձր աստիճանի վրա է հիմա, սակայն այն դեռևս չի վերածվել ինստիտուցիոնալ փոփոխության:

Ավելին՝ տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, զեկույց, Հայաստան, Պետդեպ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon