«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Փորձագետ. ԱՄՆ-ի դիրքորոշումը 1991-ից հետո երբեք պրոարցախյան չի եղել

Փորձագետ. ԱՄՆ-ի դիրքորոշումը 1991-ից հետո երբեք պրոարցախյան չի եղել

1991 թվականից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը երբեք պրոարցախյան չի եղել, հետևաբար զարմանալի չէ այն տեղեկատվությունը, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին պարտադրում է բանակցել Ադրբեջանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն ճնշման մեթոդների է դիմում, քանի որ ԼՂՀ ներկայացուցիչները հրաժարվում են հանդիպումներ ունենալ արևմտյան հարթակներում։
«Այստեղ հարցը բանակցությունները չեն, այլ բանակցությունների արդյունքներն են։ Եվ եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա այստեղ բանակցությունների արդյունքն է պարտադրվում։ Հետևաբար` ստացվում է, որ Ամերիկան այս առումով Ադրբեջանին աջակցում է»,–կարծում է նա։

Միքայելյանի խոսքով` այն, որ ԱՄՆ–ն աջակցում է Ադրբեջանին, բազմաթիվ դրվագներով է ցույց տվել, օրինակ՝ և՛ Իրանի դեմ, և՛ զենքի մատակարարմամբ, և՛ աչք փակելով մարդու իրավունքների խախտումների վրա և այլն։ Ինչպես նաև թույլ է տվել, որ Բաքուն շարունակի իր քաղաքականությունը։ Հետևաբար` հազիվ թե Ամերիկան փորձի այդ կերպ ինչ-որ հարց լուծել։
«Հակառակը` Ամերիկան ուղղակի ձեռքերն է լվանում ինչ–որ բան լուծելուց... Ես շատ լուրջ չէի վերաբերվի այս հանգամանքին, որովհետև այն, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, արդեն բոլորը գիտեն, այն, որ Ամերիկան այս առումով ոչ մի բան չի անելու, այդ էլ բոլորը գիտեն»,–ասաց նա։

Փորձագետի կարծիքով` ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի վրա ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում առարկայական զիջումների հասնելու համար։ Նա նկատում է, որ ԱՄՆ-ի գործողությունները պայմանավորված են Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ։

Խոսելով բանակցություններից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հրաժարվելու պատճառների մասին՝ փորձագետը նշել է, որ նախ պետք է հասկանալ առաջարկվող բանակցությունների օրակարգը։
«Ես ենթադրում եմ, որ գլխավոր հարց է դրվում ԼՂ–ում, այսպես կոչված, միջազգային ներկայության, այսինք՝ արևմտյան ներկայություն ռուս խաղաղապահ զորախմբի փոխարեն։ Սակայն արցախցիները տեսնում են իրենց անվտանգությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներքո, թեև այս առումով էլ խնդիրներ կան»,–ասում է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների ՝ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդության համարժեքության վերաբերյալ:

«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս «երրորդ երկրում» հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրվելն է», - հայտնել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։

Նշենք, որ  ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայության վրա ճնշում գործադրելու մասին ռուսասկան մամուլի հրապարակումներին: «Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում: