ՌԴ ԱԳՆ. Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել
«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ֆորմատով աշխատանքներից։ Դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և հանգեցնում իրավիճակի սրմանը։ Մենք Բաքվին կոչ ենք անում մարդասիրական նպատակներով քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,– ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով և այլ ուղիներով։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,– նշել է նա։
Ռուսաստանը հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Հայաստանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։
«Մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,-ասել է նա։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կապված է բուն Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակության հետ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ելույթի այն մասը, որը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցման հարցում ռուսական միջնորդությանը։
«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումները, միաժամանակ բարձր մակարդակով գաղտնի բանակցությունների մանրամասները իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների և ֆունկցիոնալ պարտականությունների մեջ չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն: Հենց Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ Ղարաբաղում հրադադարի հասնել 20 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա։
Ռուսաստանը շատ բան է լսել տարբեր երկրների ներքին օրակարգում տարբեր առիթներով, բայց պաշտոնական Մոսկվան ելնում է պետության` պաշտոնապես հնչեցրած դիրքորոշումից - նշել Է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ գտնելու վրա, կամ գոնե այդ հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիր իրականացման վրա:
Զախարովան նաև անդրադարձել է Հակարիի կամրջի միջադեպին և դրա առնչությամբ Հայաստանի կողմից ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանն ու դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:
Զախարովայի փոխանցմամբ, միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:
«Ռուսաստանը բազմիցս է կոչ արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան «բացարձակ անհիմն է» որակել ռուս խաղաղապահներին հասցեագրված մեղադրանքը և պնդել է, որ նրանք կողմերի հետ սերտորեն աշխատում են իրավիճակը տարածաշրջանում կայունացնելու համար:
«Մոսկվան այդ հարցում հորդորում է նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանությունը», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: