Reuters. ԵՄ «ոսկե անձնագրերի» վաճառքի վտանգավորությունը

Մամուլ 24.01.2019   09:10   266

Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ հարուստ արտասահմանցիներին անձնագրեր և վիզաներ վաճառելու ԵՄ մի քանի երկրների ծրագրերը կարող են կազմակերպված հանցավոր խմբավորումներին օգնել թափանցել Եվրոպա և մեծացնել փողերի լվացման, կոռուպցիայի և հարկերից խուսափելու վտանգը՝ հայտնում է Reuters-ը։

Խոսքը, այսպես կոչված, «ներդրումային միգրացիայի» մասին է, որը հարուստներին թույլ է տալիս քաղաքացիություն կամ ժամանակավոր կեցության իրավունք ձեռք բերել այն երկրներում, որոնք վաճառում են անձնագրերը։

Հանձնաժողովը համարում է, որ այդ սխեմաները երբեմն ոչ թափանցիկ են աշխատում և անձնագիր կամ վիզա ձեռք բերողները բավարար ստուգման չեն ենթարկվում։ ԵՀ-ն նաև նախազգուշացրել է ամբողջ ԵՄ-ի համար վտանգի մասին, քանի որ միության մի երկրի կողմից տրվող անձնագրերը և ժամանակավոր կեցության թույլտվությունները մյուս անդամ-երկրներ անարգելք մտնելու հնարավորություն են տալիս։

Մալթան, Կիպրոսը և Բուլղարիան միակ երկրներն են, որոնք վաճառում են «ոսկյա անձնագրեր», փոխարենը ստանալով 1-2 միլիոն եվրո ներդրում։

ԵՄ 20 պետություններ, ներառյալ այս երեքը, ժամանակավոր կեցության թույլտվություններ կամ «ոսկյա վիզաներ» են տրամադրում այն արտասահմանցիներին, որոնք պատրաստ են 15 000 եվրոյից սկսած (Խորվաթիայում) մինչև 5 միլիոն եվրո (Լյուքսեմբուրգում ու Սլովակիայում) ներդրում կատարել։

Հանձնաժողովի զեկույցի մեջ ասվում է, որ երկու սխեմաներն էլ վտանգներ են պարունակում, ընդգծվում է Մալթայում, Կիպրոսում և Բուլղարիայում գործող ծրագրերի թերությունները, որոնք չեն ստուգում իրենց երկրում ապրելու ցանկություն ունեցող մարդկանց հարստության աղբյուրը։

Այս ծրագրերի հետ կապված վտանգների վերացման համար Բրյուսելը կստեղծի փորձագետների խումբ, որը մինչև տարվա վերջը կմշակի «վաճառքի համար անձնագրերի» ծրագրերի անվտանգությունը ստուգող միջոցներ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Եվրոպական հանձնաժողով, Reuters, «ոսկե անձնագրեր»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon