Ռուստամ Բադասյան. ՍԴ թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում (տեսանյութ)

Կարևոր 27.12.2019   14:01   332

 Եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների գործով, ապա նա չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվելու մասին հարցին:

«Որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այդ մասով բնականաբար Սահմանադրական դատարանի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, այդ մասով Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելիություն չունի»,- ասաց Բադասյանը:

Նա նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարվել է՝ որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Դրա ապացույցն են այսօր Հայաստանում մեծ թվով նախկին և ներկա պաշտոնատար անձանց մասով իրականացվող քրեական հետապնդումները:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է:

Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Նա հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, ՀՔԾ, Ռուստամ Բադասյան, Հրայր Թովմասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon