Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումը

21.06.2019   17:00   345

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը:

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

2. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերն ընդունել քննության, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

3. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

4. «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:


Հիշեցնենք, Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Դրանից երկու օր առաջ դատավոր Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Ալվինա Գյուլումյան, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon