Սամվել Աբրահամյան. Պետք է հրաժարվել նոր գույքահարկի շտապ կիրառումից
Անշարժ գույքի հարկի մասին օրենքն ընդունելիս հաշվի չի առնվել, որ այն հավասարապես վերաբերում է ՀՀ ողջ բնակչությանը։ Այս օրենքից հանված է 3 մլն-ի չհարկվող շեմը։ Ավելին՝ այն վերաբերելու է նաև սահմանամերձ բնակավայրերում բնակվողներին, այնինչ նախորդ կարգավորումներով վերջիններս ազատված էին դրանից։
Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պատերազմող երկրի դեպքում սահմանային բնակչի հարկային բեռն ավելացնելն անընդունելի է պետության կողմից։
Սամվել Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը մի կողմից ձեռնարկում է ծրագրեր համաճարակի սոցիալական հետևանքները մեղմելու համար, մյուս կողմից՝ ընդունում է օրենք, որը ծանրացնում է սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչն, իմիջիայլոց, անդրադառնալու է նաև բիզնեսի վրա։
ՀԱԿ քարտուղարի կարծիքով՝ կառավարությունը պետք է հրաժարվի այս փոփոխությունները հապճեպ կիրառելու մտադրությունից։
Հիշեցնենք, Հայ Ազգային Կոնգրեսը «Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ» հայտարարություն է տարածել
«...նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո», ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:
Հարցազրույցը՝ սկզբնաղբյուրի տեսանյութում։