Սամվել Աբրահամյան. Փակ համամասնական ընտրակարգն այլընտրանք չունի այսօր

Կարևոր 21.10.2019   14:00   458

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայի շուրջ զրուցել ենք Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ։

- Պարոն Աբրահամյան, այս պահին որևէ ձևաչափով ՀԱԿ-ի և ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի միջև քննարկում կամ համագործակցություն կա՞ կամ սպասվո՞ւմ է արդյոք։

- Ո՛չ, այս պահին որևէ ձևաչափով այդպիսի համագործակցություն չկա, հնարավոր է, որ լինի: Որքանով ես տեղյակ եմ, այդ աշխատանքային խմբի ղեկավարը հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ աշխատանքներին նախատեսում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, այնպես որ դա հնարավոր համարում եմ իհարկե: Եթե լինի այդպիսի առաջարկ, մենք անպայման կմասնակցենք, Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքն այսօր մեր առաջնահերթությունների մեջ են մտնում:

- Բացի փակ համամասնական ընտրակարգ ունենալու կարգավորումից` ՀԱԿ-ի համար որո՞նք են մյուս առաջնահերթ փոփոխությունները, որ պետք է կատարվեն Ընտրական օրենսգրքում:

- Ընտրակաշառքը պետք է դասել ծանր հանցագործությունների շարքին, այսինքն` պետք է վեց տարվա ազատազրկման դատապարտել (հինգ տարուց բարձրը ծանը է), որովհետև դա պետության նկատմամբ կատարվող ծանրագույն հանցագործություն է:

Մյուսն այդ բարեգործական ծրագրերն են: Հայտնի բան է, որ բարեգործության անվան տակ նույն ընտրակաշառքը բաժանվում է տարբեր եղանակներով: Բարեգործական կազմակերպություններ ունեցող անձինք իրավունք չպիտի ունենան զբաղվելու քաղաքականությամբ: Բարեգործական ծրագրերը ընտրությունների օրը հայտարարելուց հետո պետք է դադարեցվեն: Բիզնեսը պետք է հանձնվի պետական կառավարման, պետությունը պետք է տնօրեն նշանակի, պետությունն այդ եկամուտմերը պետք է տնօրինի: Պետք է նախընտրական ծախսերի շեմերն էապես կրճատել, այնքան կրճատել, որ ֆինանսական կարողությունների ակնհայտ տարբերությունը չտա մեկին առավելություն:

Դրանից բացի` մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ ընտրական բոլոր հանձնաժողովները լինեն պետական: Մենք դա ասում էինք 2008-ից սկսած, եվ մեզ ասում էին` ո՞նց, ի՞նչ եք ասում, դուք Սերժի՞ն եք հանձնում բոլոր հանձնաժողովները։ Ասում էինք` այո՛, այդ ամբողջը պետք է դնել պետության վրա, պետությունը պետք է պատասխանատու լինի ընտրությունների համար, ոչ թե կուսակցությունները: Բոլոր հանձնաժողովները պետք է լինեն պետական, և պետությունը պետք է 100 տոկոսանոց պատասխանատվություն կրի դրանց համար:

Քոչարյանը մի անգամ, երբ ինքը նախագահ էր, մի լրագրող հարց տվեց, թե ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչները կաշառել էին հանձնաժողովի անդամներին և վերջում արդյունքներն էին կեղծել, ասաց` է թող չկաշառվեին: Որովհետև այդ հանձնաժողովներում կուսակցություններ էին, ասում էր` իրենք չե՞ն այդ մարդկանց նշանակել, թող այնպիսի մարդկանց նշանակեին, որ չկաշառվեին: Ի դեպ, ՀՀԿ-ն, չնայած թվում էր` իրեն ձեռնտու է մեր առաջարկը, որևէ կերպ դրան չհամաձայնեց, որովհետև շատ լավ հասկացան, որ հաջորդ ընտրություն կեղծելն իրենց վրա շատ ծանր է նստելու:

Մենք մի առաջարկ էլ ունենք համայնքների վերաբերյալ: Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարն անսահման ժամկետով կարող է ընտրվել, ընդ որում` սա փոխել է Քոչարյանը, 90-ականներին այդպես չի եղել, երկու ժամկետից ավել որևէ անձ իրավունք չուներ լինելու համայնքի ղեկավար: Քոչարյանը դա փոխեց, դարձրեց անժամկետ: Եվ պարզ էր` ինչու, որովհետև այդ մարդիկ, որոնք գյուղապետ, քաղաքապետ էին դառնում, դառնում էին համակարգի մաս, և նրանք պետք է երաշխիքներ ունենային այս համակարգին ծառայելու համար: Դու անժամկետ կմնաս քաղաքապետ, պետք է լուծես այս և այս խնդիրը, ընտրություններ կեղծես, ընդդիմադիրներին ջարդես, թալանես, փայը տաս ինձ, և այլն: Կան մարդիկ, որ երեսուն տարի է գյուղապետ են: Մենք առաջարկում ենք անպայման փոխել նաև այս համակարգը, վերադարձնել հնին: Կան երիտասարդ կադրեր, կան մարդիկ, որոնք ուզում են զբաղվել կառավարմամբ: Նրանք այդ հնարավորությունից զրկված են, նրանք գիտեն, որ այս գյուղապետը ցմահ է:

Ամբողջական հարցազրույցն՝ ԱՅՍՏԵՂ

Ներկայացնում ենք նաև Սամբել Աբրահամյանի ելույթը «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կուսակցություններ, ՀԱԿ, Սամվել Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon