«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումն օրենքի խախտում չէ

ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումն օրենքի խախտում չէ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի  պաշտոնում երկրորդ անգամ առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, հիշեցնում է Fip.am-ը:

Դեռևս նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունն այս պաշտոնում, սակայն վերջինս չէր ընտրվել (ՀՀԿ խմբակցության պատգամավորները չէին ներկայացել քվեարկությանը)։

Փաստաբանի երկրորդ առաջադրումն այս պաշտոնի համար համացանցում որոշ խոսակցությունների տեղիք է տվել՝ մասնավորապես իրավական տեսանկյունից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այս առաջադրումը հակաօրինական է համարել․ «Նախագահը երկրորդ անգամ ներկայացրեց միևնույն թեկնածուին, և սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է, որովհետև օրենքում դա հստակ գրված է»։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման կարգում փոփոխություններ վերջերս են արվել։ Ըստ փոփոխությունների չորրորդ հոդվածի, «եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»։

Վահե Գրիգորյանի առաջադրումից հետո նախագահը ՍԴ թափուր պաշտոնի համար առաջադրել է մի քանի այլ թեկնածուներ ևս, որոնց նշանակմանը, սակայն, խորհրդարանը դեմ է քվեարկել։ Եթե օրենքում գրված լիներ՝ միևնույն անձի առաջադրումը արգելվում է, ապա Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը կդիտարկվեր հակաօրինական, սակայն օրենքում նման ձևակերպում կամ սահամանփակում չկա։

Հետևաբար՝ Վահե Գրիգորյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար օրենքի որևէ նորմի խախտում չի հանդիսանում։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին խորհրդարանը կրկին դեմ քվեարկեց Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, եզրափակում է Fip.am-ը:

Կարինե Կիրակոսյան