«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը (տեսանյութ)

Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը (տեսանյութ)

Hetq.am. Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը քիչ առաջ խորհրդարանի նիստում երդմամբ հանդես եկավ։ Տեղեկացնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՍԴ նորընտիր դատավորը երդվում է, սակայն Գրիգորյանը խնդրել էր հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններում դադարեցնի իր մասնակցությունը՝ որպես փաստաբան։

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը, սա ՀՀ-ում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի կամարտահայտությամբ ընտրված խորհրդարանի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել: Շուրջ մեկ տարի առաջ, երբ ես կայացնում էի այդ որոշումը, բոլոր հանգամանքերով հանդերձ՝ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում է գործել անցումային տրամաբանությամբ։ Եւ այս անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք՝ ամենայն մանրամասնություններով, մտադիր եմ քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների ու դատավորի հետ և այնուհետև նրանց հետ համատեղ, հուսով եմ, որ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտարարեց՝ երդում տալով որպես ՍԴ դատավոր՝ ինքը դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը, իսկ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ»,- ասաց նա։

Գրիգորյանը նաև հայտարարեց, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիներին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասաց նա։
Գրիգորյանը վստահեցրեց՝ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո ունենալու է մեկ նպատակ: «Այս դահլիճում թողնելու եմ բոլոր պայմանավորվածություններն ու կապվածությունները, որոնք ունեցել եմ իմ ընկերների, վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, և դա արձանագրված է երդման տեքստում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել սահմանադրականության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- ասաց նա։

Գրիգորյանի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ, ապա խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան։