Սերբիայի նախագահ. «Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է» (տեսանյութ)

Պաշտոնական 20.06.2020   10:00   382

«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին հունիսսի 19-ին Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի կայքը:

Ավելի վաղ, որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ երեկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ:

Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:

Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց:

«Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ:

Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»,-ասել է Տատյանա Ցվետկովիչը:։

Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան-Սերբիա, Հայաստան, Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Վուչիչ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon