«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. հայտարարություն

Ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. հայտարարություն

46 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` որոշակի արձանագրումներ են արել:

Հայտարարությունում ասվում է.

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:

Ձևավորված անպատժելիությունն ապահովագրվում և երաշխավորվում էր դատական համակարգի՝ դատական իշխանության կողմից, որովհետեւ նույնիսկ ամենաավտորիտար համակարգերում նման ամենաթողություն տեղի չէր ունենա առանց դատական իշխանության հովանավորչության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018թ մարտ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց հենց այս անպատժելիության և նվաստացման դեմ: Հեղափոխությունը կարողացավ պարտադրել իշխող վարչախմբին հրաժարվել գործադիր իշխանությունից և պարտադրեց նոր ընտրություններ օրենսդիր իշխանության ձևավորման համար: Ժողովրդի քվեով ձևավորված իշխանությունը, սակայն, մինչ այժմ չի կարողացել ազատագրել դատական համակարգը շուրջ երկու տասնամյակ տիրապետած քաղաքական էլիտաների ազդեցությունից: Այլ կերպ ասած՝ հեղափոխության  ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողեց մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը:

Մերժելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունը և արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը և Ազգային ժողովին նախաձեռնել և իրականացնել արմատական և համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային Ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ:

Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական և օրենսդրական մակարդակներում, դատական և իրավապահ մարմինների համակարգում։

Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական և վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ և պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով, կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են վատ օրենքները, կեղծ քննությունները ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում:

Դպրոց հաճախող երեխաների գրեթե 50%-ը որակյալ կրթություն չի ստանում, մինչդեռ նախարարության միևնույն աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանակում` ինքնասպանությունների, սպանությունների, առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերը մնում են ծանր մարտահրավեր,  իսկ զորամասների ղեկավարությունը, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատու աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Կյանքի, սեփականության, անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքները խախտած դատախազներն ու քննիչները, ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանկային աշխատողներն ու փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատուները, որ փակել են աչքերը Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդավոր դոլարների վրա, շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Այն համայնքի ղեկավարների մեծ մասը, որոնք ընտրվել են կլանային շահի թելադրանքով   և տասնամյակներ շարունակ հանդիսացել են ընտրությունների կեղծման տեղական գործիքներ,  շարունակում են «բնականոն աշխատանքը»՝ խոչընդոտելով փոփոխությունները համայնքներում։

Հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին և առկա իրավիճակների քաղաքական գնահատականը, չտեսնելով վարքի հստակ ու կանխատեսելի փոփոխություններ առկախող և արժեզրկող բյուրոկրատիայի հանդեպ:

Մեկ տարի առաջ արդարադատության համակարգում հեղափոխություն չիրականացնելով՝ Կառավարությունը և Ազգային Ժողովը թույլ տվեցին կոռումպացված դատական համակարգին վերածվել ռևանշիստների ամրոցի:

Ճգնաժամի խորացմանը մեծապես նպաստեց Կառավարության դժկամությունը՝ սկսելու անցումային արդարադատության պատշաճ գործընթաց, որը կօգներ ոչ միայն վերականգնել խախտված իրավունքները, այլև բացահայտել ընտրությունների, հանրաքվեների կեղծումն ու մարդու իրավունքների խախտումներն իրականացրած ցանցերի կառուցվածքը և մասնակիցներին: Իշխանություններն այս կամ այն քաղաքական գործչի առանձին բանավոր հայտարարություններով այս ամենը համարում են բացահայտված, համարում են, որ հեղափոխությունն ինքնին արդեն գնահատական է: Պնդումը, թե ամեն ինչ հայտնի է մարդկանց, եւ որեւէ իրավական կամ քաղաքական գործընթացի կարիք չկա,  խոշոր քաղաքական բացթողում է, եթե ոչ սխալ: Հեղափոխության նպատակը միայն մի քանի պաշտոնյաների պաշտոնանկումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը չէր, այլեւ խորքային կոռուպցիայից երկրի ազատագրումը, անպատժելիության վերացումը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ամուր, արդյունավետ համակարգի ստեղծման եւ ժողովրդավարության անդառնալիության հաստատման համար:

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ սահմանվի իշխանությունների կողմից, որպես նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի և կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար: Ճգնաժամի լուծումը պահանջում է ճգնաժամի ճանաչում եւ արձանագրում, ոչ թե որպես առանձին կամ մեկուսի երևույթ, այլ համակարգային անարդարության պատճառ եւ բաղադրիչ: Արդարության վերականգնման արմատական և համակարգային գործողությունները պետք է պլանավորվեն, հայտարարվեն եւ իրականացվեն հստակ և սեղմ ժամկետներում՝ իշխանության հանրային հաշվետվողականության պայմաններում:

Համոզված ենք, որ վերոհիշյալ եւ հարակից անհետաձգելի գործողությունների անտեսման կամ թերագնահատման հետեւանքները կարող են լինել ոչ միայն հեղափոխությամբ եւ օրինական կերպով իշխանություն ստացած քաղաքական ուժի ձախողումը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք նորանոր վնասները, հանրության հիասթափությունը եւ վստահության անկումը:

Այսպիսով, մինչև նշանակված սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով.

  • Ազգային Ժողովի որոշման հայտարարության կամ բանաձևի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին եւ աջակիցներին:
  • Սահմանել և հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները և դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն:
  • Հրատապության, ողջամտության եւ բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի և միջոցառումների ժամանակացույցը և գործիքները:
  • Արագացնել նոր սահմանադրության, ինչպես նաև կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:
  • Վերոնշյալ բոլոր քայլերը հասանելի դարձնել և ներկայացնել միջազգային հանրությանը:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

Արմավիրի զարգացման կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

«Երիտասարդ Սյունիք» երիտասարդական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ  ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Կրթության ասպարեզ» ՀԿ

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Մենք Պլյուս ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նաաձեռնություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ

Վստահություն առողջապահական ՀԿ

Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար