Վանո Սիրադեղյան. Մենակը (տեսանյութ)

Կարևոր 13.11.2019   10:35   2093

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Այսօր պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է  1946 թվականի նոյեմբերի 13-ին:

2000-ի ապրիլի 2-ից քաղաքական վտարանդի Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը մնում է բաց և անորոշ:
Ապրիլյան հեղափոխությունից հետո երկրում արդարադատության վիճակի մասին Փաշինյանի բարձրաձայնումներից հետո էլ Սիրադեղյանի խնդրին իրավական լուծում տալու կոչերը շարունակում են մնալ անարձագանք...

«...Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին: Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր: Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեվանի բակում, եվ իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը: Այս ճերմակությունը ինչի՞ համար է: Արեվից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի: Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում: Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում: Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ:

... Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը: Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեվ կլոր տարին ցերեկը դժոխք է, եվ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եվ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը: Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեվ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եվ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի: Եւ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եվ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ: Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եվ հավատալ միաժամանակ:

Եւ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական: Եւ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի: Իսկական, որովհետեվ այս մեկը կարծես թե չստացվեց: Չստացվեց, որովհետեվ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել: Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եվ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեվ պատիժ չի հասնում անմեղին: Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեվաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի: Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ: Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը: Հակառակը կլիներ անտրամաբանական: Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել: Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեվ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը: Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեվ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը:

Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեվ ոչ ոք մինչեվ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը: «Պիտի որ չհավատա»,-ցածրաձայն ասաց Մենակը: Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել: Եւ հասկացավ, որ այդպես է լինում: Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը: Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եվ չեն զգում գնալը...»:

«Ափսոս էր Երեխան»
Վանո Սիրադեղյան 

2000-2001 թթ 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon