«Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերը պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»

Քաղաքական 10.06.2020   19:05   399

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական։ Վարչապետը նման կարծիք հայտնեց պարետատան նիստից հետո ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը չի պատրաստվում ՀՅԴ-ի առաջարկը կյանքի կոչել` ԱԺ հատուկ նիստ գումարել ու քննարկել կորոնավիրուսի թեման` պատասխանատվության կանչելով բոլոր նրանց, ովքեր ձախողել են այս հարցում։

«ԱԺ-ում արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել կորոնավիրուսի թեմայով։ Դաշնակցության համար, մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվել, քանի որ այդ կուսակցության ներկայացուցիչները նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018-ի ամռանը, երբ 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից»,–նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, քաղաքական դաշտի կորոնավիրուսը կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվանը։

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդպիսիք առաջիկայում դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական դաշտից, քանի որ այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը։

Փաշինյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ–ն մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները։ Սակայն, ըստ նրա, նկատելի չէ, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այն տեմպերով, ինչպես մեզանում։

«Կան մարդիկ, որ կառավարության գործողությունները դիտարկում են որպես պատերազմական իրավիճակում արվող գործողություններ։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա հարց է առաջանում` պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների կամ էլ հրամանատարի դեմ պատերազմ մղողների հետ։ Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»,– ընդգծեց Փաշինյանը։

Նշենք, որ որ ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն էր տարածել` ասելով, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով` անկարող:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ՀՅԴ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon