«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վարչապետին սխալ են զեկուցել. թղթով ամեն ինչ ճիշտ չէ

Վարչապետին սխալ են զեկուցել. թղթով ամեն ինչ ճիշտ չէ

Նախորդ տարի տեղի ունեցավ Չարենցավանի 3-րդ դպրոցի տնօրենի մրցույթը, որը բավականին աղմկահարույց էր: Նախկին տնօրեն Լ. Կարապետյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվեց մեկ այլ թեկնածու՝ Ա. Բալյանը: Դպրոցի ուսուցիչների և ծնողների մի մասը կազմակերպեցին գործադուլ և դասադուլ, որը տևեց շուրջ տասը օր: Գործին նույնիսկ միջամտեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այցելեց Չարենցավանի 3-րդ դպրոց, գրում է fip.am-ը:

Հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ամեն ինչ ճիշտ է օրենքով և հաղթած թեկնածուն կնշանակվի տնօրեն:

Այս կապակցությամբ ընդարձակ գրառմամբ հանդես եկավ նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ի մասնավորի, նա նշեց. «Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանն ու Կրթության և գիտության նախարարությունն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ»:

Տնօրենի թափուր տեղի համար մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումով (4 մարտի 2010 թվականի N 319-Ն): Այս որոշումը բխում է ՀՀ հանրակրթության մասին օրենքից: Որոշման մեջ ՀՀ կառավարությունը 2014 թվականի հուլիսի 31-ին կատարել է փոփոխություններ (817-Ն), որոնք, սակայն, հակասում են ՀՀ հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ կետին. «Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա»:

Վերոնշյալ կետը հստակ սահմանում է, թե ինչ բովանդակություն ունի հավակնորդների հետ հարցազրույցը: ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 24-րդ կետը, մինչ փոփոխությունը, ունեցել է հետևյալ բովանդակությունը. «Հարցազրույցի ընթացքում հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով տրվում է հինգ հարց` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած և հրապարակած հարցաշարից: Հարցերն ընտրում է հավակնորդը` վիճակահանությամբ: Հարցերի պատասխանները նախապատրաստելու համար հավակնորդին տրվում է մինչև տասնհինգ րոպե ժամանակ»:

2014 թ. փոփոխություններից և լրացումներից հետո 24-րդ կետում հանդիպում ենք հետևյալ բովանդակությունը. «Խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից»:

Սույն որոշման՝ նման բովանդակությամբ խմբագրումն ուղիղ հակասության մեջ է մտնում ՀՀ հանրակրթության մասին օրենքի 12.13-րդ կետի հետ:

ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 40-րդ հոդվածը՝ Իրավական կոլիզիաների լուծման կանոնները, հստակ սահմանում է.

1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

    1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը։

Այսպիսով, հստակ կարող ենք արձանագրել, որ 2014 թվականի փոփոխություններից հետո ոչ միայն Չարենցավանի 3-րդ դպրոցի, այլ նաև մնացյալ բոլոր դպրոցների տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթներն անցկացվել են ՀՀ հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ կետի խախտումով: Հարկ է նշել, որ հանրակրթության մասին օրենքն ընդունումից հետո 12 անգամ ենթարկվել է լրացումների և փոփոխությունների, սակայն նշված կետը չի փոփոխվել:

Ներկա իշխանությունը փաստացի առաջնորդվում է նախկին իշխանությունների հակաիրավական որոշումներով:

Իսկ ինչ մնում է խնդրահարույց՝ Չարենցավանի 3-րդ դպրոցի տնօրենի ընտրության խնդրին, ապա այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս: Ընտրված տնօրենը ներկայացրել է զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիր հասկացությունն այստեղ կկիրառենք շատ պայմանական, քանի որ այն չունի որևէ չափելի արդյունք, հստակ մեխանիզմներ, ժամկետներ և այլն: Սրան գումարենք նաև տնօրենի հետաքրքիր դիտարկումները՝ կապված «ծնող» հասկացության հետ:

Նշված հատվածը կարդալուց հետո, կարելի էր չշարունակել։ ՀՀ-ում 2015 թվականից հետո գոյություն չունի Կրթության զարգացման պետական ծրագիր։

Վահրամ Թոքմաջյան

Ամբիղջական՝ սկզբնաղբյուրում