Վարչապետը խեղաթյուրել է «Լուսավոր Հայաստանի» բարձրացրած հարցը. Fip.am

Հայաստան 20.11.2019   11:30   197

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Fip.am-ը գրում է. ««2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մեղադրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը «տերմինախեղդ անելու» և աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը դեմ լինելու մեջ։

«2020-ի հունվարի մեկից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230,000 մարդու աշխատավարձ բարձրանալու է։ Եթե հաշվենք 2018-ի հուլիսի մեկից ի վեր Հայաստանի Հանրապետությունում քանի մարդու աշխատավարձ, թոշակ ու նպաստ է բարձրացել․․․ ահռելի թիվ, բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ ի՞նչ ա ասում, ինչ-որ տերմինախեղդ ա անում, ասում ա՝ գետինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք։ Եկեք թարգմանեք Ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում, դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք։ Դե կանգնեք ուղիղ էտ ասեք, ինչ եք գիտահետազոտական-միտահետազոտական․․․ նենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չընկնի ինչ եք ասում։  «Լուսավոր Հայաստան» կուսակցությո՛ւն, կանգնեք, ուղիղ ասեք, որ մենք դեմ եք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերն ու թոշակները»,- հայտարարել էր Փաշինյանը։    

Վարչապետի այս խոսքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները պնդեցին, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է օրենքի խախտմամբ, և վարչապետը փորձում է մանիպուլյացիայի միջոցով շեղել հանրության ուշադրությունն օրենքի խախտումից։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հասկանալ, թե արդյո՞ք բյուջեի նախագիծը իսկապես խնդրահարույց է, և եթե այո, ապա ի՞նչ խախտումների մասին է խոսքը։ 

Ինչո՞ւմ է մեղադրում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը  

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, թե չի կարող չխոսել բյուջետային համակարգի օրենքի խախտումների մասին: 

«Տարբեր ձևաչափերով եմ խոսել, պարոն Ջանջուղազյան, 18-րդ հոդվածը եզակի երաշխիք էր ապահովում, որ բնապահպանական ծրագրերն իրականացնեն այն մակարդակով, որ Հայաստանը, որն իմ գնահատմամբ՝ բնապահպանական աղետի մեջ է, և կախվածությունը հանքարդյունաբերությունից վատագույն երկրների շարքում 14-րդն է՝ զիջելով աֆրիկյան և ասիական որոշ երկրների, որևէ ծրագիր չունեք այդպիսի, որը կապահովեր «Բյուջետային համակարգի մասին» օրենքի դրույթը։ Եվ 54 մլրդի փոխարեն ընդամենը 16 մլրդի ինչ-որ մեկ-երկու ծրագրեր անելով՝ մենք էն խնդիրը, որ առկա է բնապահպանության առումով, ուղղակի չենք լուծում»,- նոյեմբերի 14-ին ԱԺ-ում, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշել էր պատգամավորը։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ անհամապատասխանություն կա Շրջակա միջավայրի նախարարության` 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի հետ. բնապահպանական ծրագրերին հատկացվել է ավելի քիչ գումար։  

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը օրենքի խախտման հարցը բարձրացրել էր նաև ԱԺ հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը հարցականի տակ դրել։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հակադարձել էր, որ բյուջետային համակարգի մասին այդ դրույթի մեկնաբանման հստակեցման կարիք կա։ Ինչին ի պատասխան՝ Թանդիլյանը հայտարարել էր․ «Եթե Դուք պատրաստ չեք այդ ծրագրերն իրականացնել, կներեք, ինձ մոտ Ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցականներ է առաջացնում»։ 

Oրենքի խախտում եղե՞լ է, թե ոչ

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են պետական բյուջեի նախագծի կազմման պահանջները։ 

Նույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով (Պետական բյուջեի ծախսերի ուղղություններ) նշվում է, որ «բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների, իսկ 2020 թվականից սկսած` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը»:

2018 թվականին բյուջե մուտքագրված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի չափը կազմում է 54.2 մլրդ դրամ, և փաստացի, 2020-ին բնապահպանական ծրագրերին պետք է ուղղվեր ոչ քիչ, քան 54.2 մլրդ դրամ։ Մինչդեռ, 2020 թվականի պետական բյուջեի ծրագրով  բնապահպանական ծախսերի ծրագրերի համար հատկացվել է ընդամենը 16 միլիարդ դրամ. անտառային տնտեսության համար հատկացվել է 1,9 մլրդ դրամ, իսկ շրջակա միջավայրի պաշտպանության համար՝ 13,7 մլրդ դրամ։ 

Այսինքն՝ մոտ 39 միլիարդով պակաս գումար է ուղղվել բնապահպանական ծրագրերի ծախսերին, որն օրենքով սահմանված ֆիսկալ կանոնների խախտում է։

Նշենք, որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի՝ բնապահպանական ծրագրերի այս կանոնը օրենքով սահմանված ֆիսկալ կանոններից մեկն է։ Իսկ  հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությունն այն բոլոր միջոցառումների ամբողջությունն է, որը ծախսումների և հարկերի փոփոխությունների միջոցով ծառայում է մակրոտնտեսական կայունության ապահովմանը, որպեսզի պետության պարտքը լինի կառավարելի։  

Օրենքի խախտումը որևէ կապ չունի աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հետ

Իսկ թե նման օրենքի խախտումն ինչ կապ ունի աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հետ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, այդքան էլ հասկանալի չէ։ Գուցե վարչապետը նկատի ունի այն, որ բնապահպանական ոլորտից այս 40 միլիարդը, փաստացի, օրենքի խախտումով ուղղվում է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, և այլ կերպ ասած,  ըստ նրա՝ նպատակը արդարացնում է օրենքի խախտումը։

Այսպիսով, ակնհայտ է, որ վարչապետը խեղաթյուրել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության բարձրացված հարցը, որը որևէ կերպ չի վերաբերել աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը դեմ լինելուն։ Եվ Մանե Թանդիլյանի հայտարարությունը, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի դրույթը խախտվել է, համապատասխանում է իրականությանը, եզրափակում է Fip.am-ը:

Նելլի Լազարյան 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Լուսավոր Հայաստան», Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon