Խորհրդակցություն՝ հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Պաշտոնական 18.02.2020   15:30   163

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը: Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման և հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին:

Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է. 

«Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետևյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես և այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ է պետք անել՝ այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար: Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից և ընդհանրապես որևէ տեղից չի գողանում, և ոչ միայն կառավարությունը, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերևից ներքև: Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն:

Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով: Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմաններն ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարկեր, Նիկոլ Փաշինյան, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon