«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Խորհրդարանում էլի դեբոշ է․ ի՞նչ են զիջելու այս անգամ. «ՉԻ»

Խորհրդարանում էլի դեբոշ է․ ի՞նչ են զիջելու այս անգամ. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Ազգային ժողովում տեղի ունեցած բավականին դիտարժան լեզվակռիվը ճիշտ ժամանակին էր։ Վաշինգտոնում սկսվում է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, ՀՀ իշխանություններն էլ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում են, թե «բանակցություններն արդյունք են տալիս», և իրենք «լիահույս են» ու «այս պահի դրությամբ տեսնում են, որ առաջընթաց կա»։ Եվ սա՝ այն դեպքում, երբ բառացիորեն նույն օրը նույն ժամին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե իրենք ցանկացած պահի կարող են հեշտությամբ ոչնչացնել «Ղարաբաղի տնտեսական շրջանում դեռևս մնացած հայկական ապօրինի զինված կազմավորումները», և ընդհանրապես՝ նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել ադրբեջանական օրենքները, «թող գնան ապրեն այնտեղ, որտեղ ուզում են»։ Ադրբեջանում էլ, ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ արցախահայությանն անվանում են «Հայաստանի բնակիչներ» և առաջարկում են նրանց մատակարարումներն իրականացնել «Աղդամ-Խանքենդի ճանապարհով»։ Այս հռետորաբանության նպատակները, կարծում ենք, ակնհայտ են։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջան է, ստացվում է, որ Արցախում ապրող 120 հազար «Հայաստանի բնակիչներն» ապօրինաբար են ապրում այլ պետության տարածքում, հետևաբար՝ պիտի կամ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնեն, կամ հեռանան։ Ու եթե այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները բանակցություններում առաջընթաց են տեսնում՝ մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է «իջեցրել նշաձողը» և համաձայնվել է, որ մեր 120 հազար հայրենակիցները «գնան ապրեն այնտեղ, որտեղ ուզում են»։ Բայց մարդկանց ուշադրությունը պետք է շեղել այս ամենից, ու ամենահարմարը, համաձայնվեք, ԱԺ դահլիճում հերթական թամաշա կազմակերպելն է։

Իսկ խորհրդարանական «հալածյալ» ընդդիմությանը խղճալը կամ համակրելն անիմաստ է։ 2021-ի ընտրությունների ժամանակ նրանք, եթե հիշում եք, հայտարարում էին, թե իրենց նպատակը ոչ թե խորհրդարան մտնելն ու ինչ-որ քանակով մանդատների տիրանալն է, այլ «կռելը»։ Փաստորեն նրանք «չկռեցին», բայց լավ էլ վերցրեցին մանդատները՝ իբր նաև խորհրդարանական ամբիոնն օգտագործելու համար։ Պարզ ասած՝ համաձայնվեցին բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալ, հավելյալ «ներկայացուցչական ծախսերի փող» ստանալ, մեկնել արտասահմանյան գործուղումների և այլն։ Բայց քանի որ այս կյանքում ոչինչ ձրի չի տրվում՝ դրա դիմաց իմքայլական ջահել-ջուհուլն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ այս կամ այն ընդդիմադիրին անվանել «անդաստիարակ», «սրիկա», «դավաճան», ասել «քո նման գեներալները պարտվեցին պատերազմը», «գնա քո համար տուն-բան սարքի», և այլն։ Չէ՞ որ այդ ուսապարկերի պատկերացմամբ՝ իրենք «փողը գլխանց տալիս են» և դրանից հետո ինչ ուզեն՝ կասեն ու կանեն։ Ոչ թե այն պատճառով, որ իրենք «շատվոր են», այլ որովհետև դիմացինները, եթե իսկապես արժանապատվություն ունենային, վաղուց վայր կդնեին մանդատներն ու կհրաժարվեին մասնակցել իրենց նվաստացման պարտադիր դրվագներով ուղեկցվող էժանագին շոուներին։ Եվ եթե այդպես չեն վարվում, նշանակում է՝ իսկապես էլ ամեն ինչից բարձր են գնահատում սեփական կոմֆորտը։ Իսկ դրա համար պետք է վճարել։ Թեկուզ՝ ինքնանվաստացմամբ։

Իսկ թե այդ ընթացքում ինչ տեղի կունենա պետության ու ժողովրդի հետ՝ շոուի մասնակիցներից որևէ մեկին առանձնապես չի հետաքրքրում։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: