Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ում (տեսանյութ)

Հայաստան 24.08.2019   17:31   213

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 4 տուժած: 

Թարմացված

Երևանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժածների թիվը հասել է 6-ի: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ 

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ «Մալաթիա մոլ»-ի տարածքում այս պահին աշխատում է 20 մարտական հաշվարկ:

«Հսկայական մակերես է: Մի երկու տեղամասում հնարավոր եղել է հրդեհը մեկուսացնել, բայց ինտենսիվ տարածվում է: Հրդեհը նկուղային մասից է զարգացել՝ կահույքի արտադրամաս, փայտանյութ է եղել այդտեղ, բայց էս պահին հնարավոր չէ հստակ ինֆորմացիա տրամադրել: Պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել»,- ասաց նա:

Փոխգնդապետը նշեց, որ մարզերից հավելյալ մարտական հաշվարկ բերելու անհրաժեշտություն չկա:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հրդեհ, «Մալաթիա մոլ», պատահար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon