«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմի հայտարարությունը «Գործ No. մարտի 1» ֆիլմի վերաբերյալ

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմի հայտարարությունը «Գործ No. մարտի 1» ֆիլմի վերաբերյալ

2019թ. հունվարի 19-ին հայաստանյան «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության եթերով ցուցադրված «Գործ No. մարտի 1» ռուսալեզու ֆիլմը (սցենարի հեղինակներ՝ Ռոման Բաբայան և Անտոն Գրիշին, ռեժիսոր՝ Դմիտրի Նովոկշոնով) անդրադառնում  է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերին, երբ Երևանում սպանվեց 10 մարդ, ինչպես նաև՝ նախորդած իրադարձություններին՝ 2008թ. փետրվարի 20-ի նախագահական ընտրություններին ու դրա արդյունքները մերժող ընդդիմության բողոքի ակցիաներին։

Ֆիլմի հեղինակները, փաստորեն, առաջ են մղում այն վարկածը, թե կատարվածի համար պատասխանատու են միայն այն ժամանակվա ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները, ներառյալ՝ այժմյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ ու քաղաքի փողոցներով ամենօրյա երթեր էին անցկացնում:

 Ֆիլմում ներկայացվում են Ազատության հրապարակում ստեղծված «վրանային ավանի» նկատմամբ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ձեռնարկած գործողությունը, նույն օրվա ցերեկը և երեկոյան տեղի ունեցած բախումները, արտակարգ դրության հայտարարումը, 10 մարդու սպանության հանգամանքներն ու բանակի դերակատարումը։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

  •  պաշտպանելով քաղաքական դիրքորոշումների ազատ արտահայտման իրավունքը,
  • հավատարիմ մնալով բազմակարծության, փաստերի վերլուծության և մեկնաբանության, ինչպես նաև հասարակական հետաքրքրություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր վարկածներ առաջարկելու ազատության սկզբունքներին,
  • համոզված լինելով, որ վիճահարույց թեմաներին անդրադառնալիս լրատվամիջոցները պետք է առավել հետևողականությամբ ապահովեն զրուցակիցների խոսքը չաղավաղելու, փաստերն ու տեղեկությունները մի քանի աղբյուրներից ճշտելու, ողբերգության զոհերի նկատմամբ նրբանկատություն դրսևորելու և այլ մասնագիտական նորմերի անվերապահ պահպանումը,

հայտարարում է.

1. «Գործ No. մարտի 1» ֆիլմի հեղինակները սահմանազանցել են մի շարք «կարմիր գծեր», որոնք նախատեսված են արհեստավարժ և որակյալ լրագրության, այդ թվում՝ կինովավերագրության համար:

2. Ըստ մարտի 1-ի զոհերի հարազատների և ֆիլմի նկարահանմանը ներգրավված այլ անձանց, իրենց խոսքերը «ենթարկվել են ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տված կարևոր տեղեկությունները թաքցվել են»: Այդ վկայությունները, որ ներկայացվել են Դիտորդ մարմնին, փաստում են, որ ֆիլմի հեղինակները չարաշահել են մարդկանց վստահությունը:

3. Թեպետ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի գործողություններին մասնակցած ընդդիմության ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Վլադիմիր Կարապետյանը ներկայացված են ֆիլմում, սակայն նրանց իսկ պնդմամբ, իրենց խոսքերից կրճատվել են այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության մասին գնահատականները։ Բացի այդ, նրանց մոլորության մեջ էին գցել՝ ֆիլմի իրական հեղինակների և ֆիլմի ուղղվածության մասին թյուր տեղեկություններ տրամադրելով։

4. Ֆիլմի ամբողջ պատումը կառուցված է գերիշխող մեկ կարծիքի՝ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունների շուրջ: Մյուս բոլոր փաստերն ու հարցազրույցների հատվածները հարմարեցվել են Ռոբերտ Քոչարյանի և 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Երևանի կայազորի հրամանատարի՝ Յուրի Խաչատուրովի դիրքորոշումներին: Ֆիլմի վերջում հեղինակները նշում են, թե իրենք ցանկացել են հարցազրույց վերցնել նաև Նիկոլ Փաշինյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից, սակայն վերջիններս հրաժարվել են: Այսուհանդերձ, այդ իրադարձությունների վերաբերյալ իրենց վարկածները ներկայացնելու ընդունակ մարդկանց շրջանակը չի սահմանափակվում վերոհիշյալ անձանցով: Առավել ևս, որ ֆիլմը նկարահանելու ժամանակամիջոցում Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ արդեն իսկ քրեական գործ կար հարուցված, և քննչական մարմինները ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իբրև խափանման միջոց ընտրելու համար դիմել էին դատարան։ Մասնագիտական չափանիշների պահպանումը ենթադրում էր ներկայացնել ոչ միայն հակամարտության առանցքային դեմքերի տեսակետները, այլ նաև դեռևս 2018թ. «թավշյա հեղափոխությունից» տասը տարի առաջ՝ այն ժամանակվա իշխանության կողմից ստեղծված Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամների մեկնաբանությունները։ Սակայն ֆիլմի հեղինակները նույնիսկ նման փորձ չեն կատարել։

5. Հիմնական մեկնաբանությունների համար ընտրվել էին մարդիկ, որոնց կարծիքները կամ հուշերը համապատասխանում էին ի սկզբանե դրված նպատակին՝ ապացուցել, որ մի կողմը արդար էր, մյուսը՝ մեղավոր: Հենց այդ պատճառով էլ վավերագրական հետաքննության հավակնող ֆիլմի հեղինակները չեն ներառել իրենց կողմից արդեն իսկ նկարահանված՝ այդ իրադարձությունների ականատես լրագրող Քրիստինե Խանումյանի ու սոցիոլոգ Գայանե Ղազարյանի վկայությունները, ինչի մասին վերջիններս բարձրաձայնել են սոցիալական ցանցերում:

6. Ըստ «Ա1+» հեռուստաընկերության և «Վերսուս» ստուդիայի՝ «Գործ No. մարտի 1» ֆիլմում խախտվել են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց հեղինակների թույլտվության կամ համաձայնության օգտագործելով կադրեր և ամբողջական հատվածներ՝ «Ա1+»-ի նյութերից, ինչպես նաև «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան): Սա «Գործ No. մարտի 1» ֆիլմի հեղինակների անբարեխղճության ևս մի վկայություն է։

Ֆիլմի գնահատումից զատ, Դիտորդ մարմինը մտահոգություն է հայտնում, որ «Հինգերորդ ալիք» ՀԸ-ն այն եթեր հեռարձակեց առանց խմբագրական բացման խոսքի կամ այլընտրանքային կարծիքներ և մեկնաբանություններ ներկայացնող քննարկման, ինչը որոշակիորեն կնվազեցներ երկրի քաղաքական գործընթացների վրա առայսօր ազդեցություն ունեցող՝ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի վերաբերյալ ծայրահեղ կանխակալ աշխատանքի ցուցադրության բացասական տպավորությունը։

Մեզ մտահոգում է նաև արդեն իսկ համացանցում տարածում գտած ֆիլմի հնարավոր ցուցադրումը ռուսական հեռուստաալիքներից որևէ մեկով, քանի որ վերջիններիս լսարանը հայկականից շատ ավելի քիչ է տեղեկացված վերոհիշյալ իրադարձությունների մասին և այդ իսկ պատճառով շատ ավելի նվազ է պաշտպանված ֆիլմի հնարավոր մանիպուլյատիվ ազդեցությունից։

Ընդունվել է Զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. փետրվարի 4-ի նիստում, ԴՄ հետևյալ կազմով՝

Շուշան Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Մեսրոպ Հարությունյան՝ մամուլի փորձագետ

Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել Նալբանդյան՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արա Շիրինյան՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար

Նունե Սարգսյան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն 

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին