Զոհրաբ Մնացականյան. «Հետևողական ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին»

Պաշտոնական 03.04.2019   12:00   268

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի բացառիկ հարցազրույցը «Ազատությանը» և «Սիվիլնեթին»

«Ազատություն». - Պարոն նախարար, ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղը մասնակցելու բանակցություններին, եթե դեռ Բաքու չվերադարձած՝ Ալիևը գոհունակությամբ ասաց, որ ձևաչափը պահպանվել է՝ Ադրբեջան - Հայաստան։ Հայաստանի վարչապետն էլ ասում է՝ ձևաչափի փոփոխության հարց չէինք էլ դրել, որովհետև ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ղարաբաղը ինչ-որ իմաստով ներկայացված է եղել այդ բանակցություններին։ Հիմա ի՞նչ է ստացվում, որ հաջորդ անգամ պատվիրակության կազմում պետք է լինի, օրինակ, Բակո Սահակյա՞նը․․․ Ինչպե՞ս է լինելու այդ վերադարձը։

Զոհրաբ Մնացականյան. - Կարելի է պարզունակ մոտենալ այս հարցին և պատկերացնել՝ այ հիմա ինչպե՞ս է լինելու, սեղանի շուրջ ո՞վ է նստելու, ինչպե՞ս է ձևավորվելու սա։ Հասկանում եք, որ այսքան տարի շարունակ եղել է ձևավորված մի ձևաչափ, աշխատանքային մոդել, որը արտահայտել է այդ ժամանակաշրջանի իրողությունները։ Մեզ համար հարցը խստորեն պրակտիկ հարց է։ Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է՝ իր ամբողջ կարողություններով, որպես քաղաքական ինստիտուտ: Ունի իր ընտրված իշխանությունները, 150 հազար բնակչությունը ներկայացնող իշխանությունները։ Հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, իրենք անմիջապես սուբյեկտ են սրան, իրենք անմիջապես մասնակից են սրան: Մեզ համար հարցը պրակտիկ է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ: Սա է հիմքում դրված մեր մոտեցումը։

Սեփականության զգացումը Լեռնային Ղարաբաղից վերցնելը նշանակում է արդյունավետությունը ջարդել բանակցային գործընթացի։ Այսօրվա իրողությունների մեջ առավել սրված է այդ հարցը՝ սեփականության զգացումը ամրապնդելու: Եվ դա է նշանակում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ։ Եթե մենք ունեցել ենք մի ձևավորված, այսպես ասած, սովորություն, և եթե մենք առաջ ենք բերել, ի հայտ ենք բերել մի հարց, որ մեր մոտեցման հիմքում դրված է բանակցային գործընթացի արդյունավետությունը, արդյունքներին ուղղված աշխատանքը, ուրեմն, Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, իր չմասնակցելը խափանում է այդ սկզբունքը։ Մենք շարունակելու ենք այս հարցը հետապնդել այն առումով, որ գտնենք ձևաչափը, որտեղ մենք կարողանանք իրապես արդյունավետություն հաղորդել այս գործընթացին և այդ սեփականության զգացումը ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի համար։ Մեր պարտավորության մասը բավական լավ գիտակցում ենք, և մենք մասնակից ենք սրան, մենք բանակցող ենք և մենք շարունակելու ենք այս գործընթացը, չենք անելու որևէ բան, որը խափանի գործընթացը։ Սրա մասին բազմիցս խոսվել է, և վարչապետը շատ հստակ արտահայտվել է այդ առումով: Բայց պրակտիկ բնույթը մեր բարձրացրած հարցի իրողություն է, և մենք հետևողականորեն, շարունակաբար հետապնդում ենք այս հարցը: Մենք բացատրում ենք մեր մոտեցումը և մյուս կողմին նույնպես հրավիրում ենք ասել՝ «ձեր խնդիրը ինչո՞ւմ է, եկեք, ի հայտ բերեք՝ քննարկենք»: Բայց մենք շատ հստակ հարց ենք առաջ բերում իր տրամաբանությամբ, «եկեք, ձեր տրամաբանությամբ առաջ բերեք ձեր հարցերը, քննարկենք»՝ սա է մոտեցումը։ Սա է մոտեցումը, և ինչպես կձևավորվի՝ սա գործընթաց է։

Բնական է, կարելի շատ պարզունակ տեսնել, և գիտենք, որ տարբեր ձևերով արտահայտվում է ինչ-որ մեկնաբանություններ, որ ահա իրանք չեկան, ահա հիմա ինչ են անելու։ Ի՞նչ ենք անելու՝ շարունակելու ենք, չենք ասելու՝ դե ուրեմն տենց է, մենք չենք մասնակցելու, մանկամտության ձևով չենք մոտենալու։ Սա շատ ավելի լուրջ խնդիր է, սա մարդկանց կյանքին է վերաբերում։ Հարցը սեղանից դուրս չի կարող գալ, որովհետև ինքը իր մեջ պարունակում է շատ պարզ տրամաբանություն, և մեր նպատակն է հետապնդել այս հարցը այնպես, որպեսզի մենք կարողանանք արդյունավետություն բերել ի հայտ այս բանակցային գործընթացի մեջ։

«Ազատություն». - Նախկին իշխանությունները ձեզ մեղադրում են, նախ՝ որ անփորձ եք, Դուք և Փաշինյանը բանակցելու մեծ պաշար չունեք, և երկրորդը՝ որ դուք «սառույցին եք գրել» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Մնացականյան. - Ինչ վերաբերում է առաջին հարցին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վայելում է ժողովրդի շատ մեծ աջակցություն և շատ հստակ մանդատ, և դրանից ավելի մեծ աջակցություն, դրանից ավելի մեծ շարժիչ ուժ այս գործընթացի մեջ դժվար է պատկերացնել։ Դա տալիս է վստահության և դրան զուգահեռ՝ մեծ պատասխանատվության զգացում։ Ինչ վերաբերում է փորձի պակասին կամ ավելցուկին՝ ճիշտ կլինի, երևի թե, ես զերծ մնամ որևէ մեկնաբանությունից: Իսկ ինչ վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, միջավայրի ձևավորման հարցը մեր կողմից է առաջ բերվել որպես կարևորագույն հարց։ Եթե վերցնեք երեք հիմնական ուղղությունները մեր դիրքորոշման մեջ՝ վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, բովանդակային հարցերին և միջավայրին, որի մեջ տեղի է ունենում բանակցային գործընթացը։ Միջավայրը իր մեջ պարունակում է երկու ուղղություն՝ ռիսկերի, էսկալացիայի ռիսկերի նվազեցման աշխատանք, գործընթաց և մարդկային շփումների գործընթաց, վստահության ամրապնդման գործընթաց։ Սրանք իր մեջ պարունակում են հստակ գործառույթներ։

Վիեննան և Սանկտ Պետերբուրգը իրենց մեջ պարունակում են հստակ գործառույթներ, որոնք վերաբերում են ռիսկերի նվազեցմանը՝ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը։ Մենք կարո՞ղ ենք հրաժարվել դրանից, ինչո՞ւ: Մենք ունենք, մյուս կողմից, այսօր նաև մի իրավիճակ, երբ որ համադրելով տարբեր գործառույթներ, կարողացել ենք նվազեցնել լարվածությունը, և Վիեննայի վերջին հանդիպման արդյունքներից մեկը վերահաստատումն էր այդ հանձնառությունների։ Եվ մենք մեր կողմից շարունակելու ենք ներդնել հնարավորինս, որպեսզի ամրապնդենք այդ տարրերը ռիսկերի նվազեցման մասով։ Դրանք կկոչվեն Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Դուշանբե, նորից Վիեննա և այլն՝ դրանք իր բովանդակության մեջ պարունակում են գործառույթներ, տարրեր, որոնք չեն կարող անհետանալ, չեն կարող, եթե դրանք ուղղված են մեր կարևոր, մեր հիմնական նպատակներից մեկին՝ ռիսկերի նվազեցմանը։ Մենք իրապես ունենք մի իրավիճակ, երբ որ բավական զգայուն է, բայց իրականություն է նաև, որ ունենք նվազ ավելի լարվածություն։ Սա շարունակական է, այսինքն՝ այս հարցը չի կարող դուրս գալ օրակարգից։

«Ազատություն». - Պարոն նախարար, Հայաստանի նոր իշխանությունը ուզո՞ւմ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը արմատական լուծմամբ, թե՞ այնուամենայնիվ որոշ դեպքերում ստատուս քվո՝ այդ չարյաց փոքրագույնը կարող է նախընտրելի լինել։

Մնացականյան. - Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը ուզում են կարգավորում, որը արտահայտում է մեր կենսական շահերը: Սա ամենակարևոր բանն է՝ որ կարգավորումը արտահայտում է մեր կենսական շահերը, մեր կենսական դիրքորոշումները, կենսական նշանակություն ունեցող։ Այս կոնտեքստում է պետք է ձևակերպել մեր մոտեցումը, պետք է պատկերացնել՝ ինչպես ենք մենք մտածում։

Ամբողջական՝ տեսանյությում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, ԼՂ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon